ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժին՝ «Ֆիզգորադոկում» ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։ Այս մասին նշված է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում։
Երևանի Աջափնյակ համայնքում («Ֆիզգորադոկ») տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», բնակիչները բողոքի ակցիա են արել՝ հանդիպում պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Տարածքում բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ են ընթանում, բայց բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Բնակիչների ու ոստիկանների միջև քաշքշուկից հետո բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման են ենթարկվել։
Բողոքի ակցիան այսօր վերսկսվել է։ Կան նոր բերման ենթարկվածներ։