ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Վեց անձ է կալանավորվել թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու համար. տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ Երևանի բնակչի առաջարկով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու դիտավորությամբ ստեղծվել է կազմակերպված խումբ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացվել է «Տելեգրամի» միջոցով:
Մասնավորապես, ըստ դերաբաշխման, խմբի անդամները «Տելեգրամի» անհայտ օգտատերերից ձեռք են բերել թմրամիջոցներ, փաթեթավորել և տեղադրել Երևանում և ՀՀ մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են հիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 դրամ գումար:
Այնուհետև, «Տելեգրամի» միջոցով, անհայտ օգտատերերից ստացել են թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ և «Իդրամ», «Ադջարաբետ» էլեկտրոնային հավելվածների՝ իրենց հաշիվներին կատարված գումարի փոխանցման կտրոնի լուսանկարները ստանալուց հետո, նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են գնորդին։
Կազմակերպված խմբի անդամներն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել 3616,98 գրամ քաշով «մարիխուանա» և 7315 գրամ քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներ:
Խմբի անդամների անձնական և բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 11 կգ թմրամիջոց։ Խմբի անդամները ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել:
Կազմակերպված խմբի յոթ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով ձեռք բերելը կամ դրանց ապօրինի իրացնելը)։ Մեղադրյալներից 6-ին կալանավորել են, 1-ին ազատ արձակել ստորագրության դիմաց։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: