Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի ավելի քան 20 հա տարածքի մաքրմանն ու ականազերծմանը պայթյունավտանգ առարկաներից։
Երկու ամսվա ընթացքում ականազերծվել է Մաճկալաշեն, Խերխան եւ Հերհեր բնակավայրերի ավելի քան 100 հեկտար տարածք կողմերի սահմանազատման գծի մոտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընտանի անասունների համար արոտավայրեր ապահովելու համար։
«Ականազերծման խումբն աշխատում է Մարտունու շրջանում։ Անցած ժամանակահատվածում մաքրվել է Մաճկալաշեն բնակավայրը, այդդտեղ նախատեսված է եղել մաքրել ավելի քան 15 հա տարածք, աշխատանքների ավարտին մաքրվել է ավելի քան 20 հա տարածք: Հայտնաբերվել են ռազմամթերքի տարբեր տեսակներ, ներառյալ 120 մմ-անոց հրետանային արկեր և կասետային զինամթերք:
Այդ զինամթերքը տարվել է զինափորձարան ու ոչնչացվել։ Այսօր մենք ձեռնամուխ ենք եղել Կոլխոզաշեն բնակավայրի տեղանքի մաքրմանը, մոտավորապես պլանավորված է անցնել ավելի քան 20 հա տարածք, այսօրվա դրությամբ անցել ենք ավելի քան 2 հա»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին:
«Որոնումների ընթացքում հայտնաբերվել են 82 միլիմետրանոց ականանետերի զինամթերք և հրետանային վառոդի լիցքեր: Վերջիններս ոչնչացվել են տեղում` այրման միջոցով, ականանետային արկը տարվել է բերվել զինամթերքի ոչնչացման զինափորձարան»,-պարզաբանել է նա։
Ընդհանուր առմամբ ռուս սակրավորները ստուգել են 1 927 շենք (որոնցից 33-ը՝ սոցիալապես կարևոր օբյեկտներ), մաքրվել է ավելի քան 674 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2 257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթուցիկ առարկա: