Միրզոյանը և Բաբայանը քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Վերջինս շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի և Արցախի համար կարևոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։ Շեշտվել է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։
Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերը
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ 
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։