ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որոշակի կայունություն մտցնելու համար ՀՀ վարչապետը որոշեց ինձ ԱԳՆ առաջին տեղակալ նշանակել։ «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով արտգործնախարարությունում իր նշանակմանն ու հետո ԱԽ քարտուղար նշանակվելուն։
Գրիգորյանը նշեց, որ մայիսի 31-ից ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ճգնաժամային իրավիճակ էր առաջացել` նախարարի և փոխնախարարների հրաժարականից հետո։
«Դրան գումարվեց նաև Ազգային ժողովի ձևավորումը, որը հետաձգում էր նախարարի նշանակումը, քանի որ ընդդիմությունը Սահմանադրական դատարան էր դիմել։ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ ես ժամանակավորապես ԱԳ նախարարի պարտականությունները կատարող նշանակվեմ, մինչև վերջնական որոշում կկայացնի նախարարի մասով»,–ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ երբ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել, թե ով է լինելու ԱԳ նախարար, այդ ժամանակ էլ վերադարձել է անվտանգության խորհուրդ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը հուլիսի 13-ին ազատվեց անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ հուլիսի 14-ին նշանակվեց ԱԳՆ առաջին տեղակալ։ Կարճ ժամանակ անց` օգոստոսի 19-ին, նա կրկին ԱԽ քարտուղար նշանակվեց։ Իսկ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը։