Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն

Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Անցկացրած 11 տուրում Էլինա Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:
Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն, իսկ Էլինա Դանիելյանը դարձավ առաջնության առաջատար
Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն: Նա նվաճեց նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: 
Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19–ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին:
Ավելի վաղ Էլինա Դանիելյանն այս մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։
Նշենք, որ անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն: 
Դանիելյանը 2011 թ.-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Ռումինիայի Յասի քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։