Թող ասեն` երեխադ զոհվել կամ գերի է, բայց լուր տան. անհետ կորածների ծնողներն ԱԱԾ-ի առջև են

Անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ԱԱԾ շենքի առջև. նրանցից որոշները մտել են շենքի ընդունարան։ Ծնողներն ասում են, որ 21 անհետ կորածից միայն 9-ի մասունքներն են հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկեն իրենց որդիներին հայտնաբերելու ուղղությամբ, նաև հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրենի հետ։
Անհետ կորածներից մեկի հարազատը պատմեց, որ 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել։
Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է
«Միայն 8 զինվորի մարմիններն են նույնականացվել. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է։ Պատերազմի 17-րդ օրը երեխաներին տարել են Հադրութի շրջան, այն ժամանակ, երբ արդեն Հադրութի շրջանը գրեթե հանձնած էր»,–ասաց մի կին։
Նրա խոսքով` անհետ կորած 21 զինծառայողները Ստեփանակերտի զորամասերից մեկից են եղել։
Ծնողների խոսքով` հանդիպել են ում հետ ասես, սակայն որևէ էական արդյունք չունեն` մինչ օրս անգամ գերիների ցուցակ չկա։
«Ո՛չ հաց ենք ուզում, ո՛չ էլ ջուր` մենք մեր երեխաներին ենք ուզում։ Թող մեկն ինձ ասի` քո երեխան զոհվել է կամ գերի է, բայց ինչ-որ լուր տան»,–ասաց մեկ այլ զինվորի մայրը։
Նշենք, որ հարազատները մտան ԱԱԾ շենքի ընդունարան` ասելով, որ այնտեղ են մնալու այնքան ժամանակ մինչև իրենց խնդրին լուծում կտրվի։ Լրագրողներին հորդորեցին դուրս գալ շենքից։
Պետությունը անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս դրամական աջակցություն կտրամադրի
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները հաճախ են բողոքի ակցիաներ անում տարբեր գերատեսչությունների առջև` ինչպես կառավարության, այնպես էլ պաշտպանության նախարարության և դեսպանատների։ Անհետ կորածների հարազատներին քանիցս ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն բոլոր հանդիպումներից հետո հարազատները նշել են, որ իրենց չեն բավարարել հնչած պատասխանները։