ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Նախարարը Թաթոյանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը և ասել` բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:
Միջադեպի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում այսօր հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Լուրեր էին տարածվել, թե զինվորները մահացել են դիվերսիայի հետևանքով։