Նիկոլ Փաշինյանի խոստացած 10 միլիոն ծառից քանի՞սն է տնկվել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է հաճախ տրվող հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն ավելի քան 700 հազար ծառ է տնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ։ ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին 2021 թվականի գարնանը տրամադրվել է 161480 հատ ծառ, անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում (Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում) 2020 թվականին տնկվել է 339000 և 2021 թվականի գարնանը` 201800 ծառ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։ Նախաձեռնությունն իրականացվում է բացառապես դոնոր կազմակերպությունների կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։
Հայաստանը տնկիներ է խնդրել ՌԴ–ից «10 միլիոն ծառ» նախաձեռնությունն իրականացնելու համար
Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։
2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:
«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառերը տնկվեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։