Նախապայմաններ չկան. ինչպես է ԼՂ կարգավորումը ձևակերպվել ՀՀ կառավարության ծրագրում

ԼՂ–ի մասին հատվածը Հայաստանի կառավարության ծրագրում գրվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության դրույթներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում, ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը, ասաց, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար էական է տարածաշրջանում թշնամության մթնոլորտի կառավարումն ու հաղթահարումը։ 
Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման առաջիկա ծրագրերը
Նրա խոսքով` տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը գործադիր իշխանությունն արձանագրել է որպես իր երկարատև ռազմավարություն։
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու կարգավիճակի հստակեցմանը, դրանում Փաշինյանն ընդգծեց ԵԱՀԿ ՄԽ–ի դերակատարումը։
«Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության ու անվտանգության վերականգնման իմաստով»,– ասաց նա։
Վարչապետը շեշտեց, որ կառավարության ծրագրի տվյալ հատվածը ձևակերպվել է ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության դրույթներին համապատասխան։
«Նախապայմաններ չենք առաջադրել, ընդհակառակը` ամեն ինչ արել ենք, որ բանակցային պատշաճ միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձևակերպենք ու բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու դրսևորում և միտում արտահայտված չլինի կառավարության ծրագրում»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2021թ–ի հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և Իգոր Խովաևը հանդես էին եկել հայտարարությամբ` Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն:
Հայտարարության մեջ համանախագահները վերահաստատել էին հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո:
Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը
Նրանք կրկնել էին իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը