Կառավարության ծրագրի չափելիությունը դարձյալ մշուշոտ է, այսինքն` այն բավականին հեռու է կոնկրետությունից, և պետք է նկատի ունենալ, որ կառավարության ծրագիրը կազմված է «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրի հիման վրա, որն էլ լիովին համարժեք չէ երկրի առջև ծառացած խնդիրներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Հիշենք վարչապետի «ճանապարհային քարտեզը», որում մատնանշված հիմնական խնդիրը գերիների վերադարձի հարցն էր, որը սակայն լուծված չէ, ուստի ծրագրի մյուս դրույթների մասին խոսելը նույնիսկ լուրջ չէ։ Այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք երկու Հայաստանի հետ. մեկը պատրանքային Հայաստանն է, որը ստեղծում է իշխանությունը, մյուսն այն Հայաստանն է, որի հետ առերեսվում ենք իրական կյանքում` սահմաններին առկա լարվածություն, խորացող աղքատություն, անվտանգային ռիսկեր»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով` իշխանությունն ըստ էության իրական որևէ կապ չունի իրական պրոբլեմների հետ, համենայն դեպս նախորդ երեք տարիներին չի կարողացել համոզել, որ ի զորու է գույքագրել ՀՀ–ի առջև ծառացած խնդիրները և մատնանշել դրանց լուծման ուղիները, հետևաբար կառավարության ծրագրից դուրս և նրա համատեքստում առանձնապես լավատեսություն չկա, որ կադրային այս բազայով ու մոտեցումներով իշխանությունը կարող է Հայաստանում առաջացած համապարփակ ճգնաժամը հաղթահարել։
Ըստ Սուրենյանցի` կարելի է թղթի վրա գրել շատ գեղեցիկ կարգախոսներ, բայց դրանք կյանքի չեն կոչվի, քանի որ չկա կադրային համապատասխան բազա, անվտանգության ռիսկերի ճիշտ հաշվարկում և այդ ռիսկերը չեզոքացնելու մեխանիզմներ։
Քաղաքագետի խոսքով` ծրագրի հնգամյա ժամկետը կանխորոշված է օրենքով, իշխանությունը ուզի թե չուզի՝ ներկայացնում է հինգ տարվա ծրագիր, սակայն Սուրենյանցը վստահ է, որ այս խորհրդարանը հինգ տարի չի պաշտոնավարի, այսինքն` ամբողջական մանդատով երկիրը չի կարողանալու կառավարել, հետևաբար Հայաստանում 2,5 տարի հետո տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ունի չիրացված արտաքին քաղաքական օրակարգ, որի պատճառով ձևավորվեց արտաքին քաղաքական կոնսենսուս նրա իշխանության վերարտադրության հարցում, բայց այդ օրակարգի սպառվելուց հետո Հայաստանը կրկին կանգնելու է արտահերթ ընտրությունների հրամայականի առջև։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 18-ին գործադիր մարնի նիստում ներկայացրել է կառավարության գործունեության 2021–26թթ.-ի ծրագիրը, որում ներառված է նաև «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը։
Փաշինյանի խոսքով` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը «ժողովրդի առջև ՔՊ–ի ստանձնած մեծագույն առաքելությունն է, որի իրականացումը, սակայն, կախված է ոչ միայն ՀՀ–ից, այլև տարածաշրջանի այլ երկրների կեցվածքից ու ցանկությունից»։
ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պարտավորությունն ու իր բաժին անելիքը, ասել է վարչապետը։