«Քանի սրանց նման հարևաններ ունենք, միշտ լարված է լինելու». Գլխավոր շտաբի պետի տեղակալ

Մակարյանի խոսքով` այժմ սահմանին հարաբերական անդորր է, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել թշնամու գործունեությունը ճնշելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի փորձ չեն անում առաջ շարժվելու, լրագրողներին ասաց Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը՝ պատասխանելով սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին:
Բաքվի իշխանությունները պատասխանատվություն են կրում 2 հայ զինծառայողի սպանելու համար. ՄԻՊ
«Իրենց նպատակը միայն լարվածություն առաջացնելն է, առաջխաղացման փորձ չեն անում», - ասաց Մակարյանը։
Լրագրողների հետ զրույցում Մակարյանը վստահեցրեց, որ այժմ սահմանին հարաբերական անդորր է, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել թշնամու գործունեությունը ճնշելու համար։
«Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է։ Մեր խնդիրն է, որ ցանկացած ժամանակ լինենք պատրաստ ու ճնշենք նրանց բոլոր մեթոդներով»,– ասաց նա։
Մակարյանը չմեկնաբանեց ռուս սահմանապահների տեղակայման, ինչպես նաև ռուսական զենքի մատակարարման մասին տեղեկությունները `պատճառաբանելով, որ մանրամասներին տեղյակ չէ:
Ադրբեջանը քիթը խոթելու իրավունք չունի. Մամիջանյանը` ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին
Խոսելով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կոշտ հայտարարությունների մասին ՝ Մակարյանը նշեց, որ դրանք պետք է հասկանալ բառի ուղիղ իմաստով:
«Ընդունեք պաշտպանության նախարարի խոսքերը բուն իմաստով։ Մեր ազգի կերպարը պետք է լինի` ձախ ձեռքին Աստվածաշունչը, աջ ձեռքին՝ ավտոմատ «Կալաշնիկովը»։ Մենք ամբողջ կյանքում պիտի կռվենք ու ապրենք»,– ասաց նա։
Ավելի վաղ Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի զինված ուժերը փորձեն անցնել հայկական տարածք, ապա նա կհրամայի բոլոր միջոցները կիրառել նրանց ճնշելու համար:
Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ 
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ–ին առաջարկում է քննարկել սահմանային լարվածության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ ժամը 18:10-ի սահմանում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Նույն օրը` ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։ 
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։