ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ռուսաց լեզուն հայերի համար մայրենի լեզու չէ, սակայն միևնույն ժամանակ այն օտար էլ չէ։ Այդ պատճառով ակնկալվում է, որ ԱՊՀ տարածքում միջազգային հումանիտար հետազոտությունների և երիտասարդական նախաձեռնությունների աջակցման մրցույթի մասնակիցների թիվը մեր երկրից բավական բարձր կլինի։
Այս մասին Բիշքեկ-Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Միջնակարգ դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ, մ.գ.թ., Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Լիլյա Բալասանյանը։
«Հայաստանից արդեն բավական մեծ ակտիվություն կա, քանի որ Երևանում գործող Ռուսական տունն արեց հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ուսանողներին, գործընկերներին իրազեկի մրցույթի մասին»,– ասաց Բալասանյանը։
Նա նշեց, որ ռուսաց լեզուն դպրոցներում դասավանդվում է 2-12–րդ դասարաններում, այն հայ երիտասարդության, քաղաքացիների համար հարազատ և պահանջված է։
Ա.Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի (Մոսկվա, Ռուսաստան) ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան իր հերթին նշեց, որ մրցույթին մասնակցելու հայտ կարելի է ներկայացնել մինչև օգոստոսի 26-ը։
Նրա խոսքով` մրցույթի հիմնական նպատակն է աջակցել նրանց, ովքեր իրենց գործունեության համար ընտրում են ռուսական բանասիրությունը, ռուսաց լեզուն և գրականությունը։ Մրցույթն անցկացվում է առաջին անգամ, այն երկու անվանակարգ ունի։ Մեկը հետազոտողների համար է, ընդունվում են ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հայտեր։ Երկրորդ ուղղությունը կրթական է, որը տեղեկատվական նախագծեր է ենթադրում։
Ներկա պահին ավելի քան 100 հայտ է ներկայացվել, կեսը` Ռուսաստանից, մյուս կեսը` ԱՊՀ երկրներից։ Դրանց 90%–ը անհատական հայտեր են։ Ընդ որում բոլոր հայտերի 66%–ը տեղեկատվա-կրթական նախագծերն են։ Դրանք գերազանցապես կապված են սոցցանցերում աշխատանքի, կայքերի կառավարման, կրթական բովանդակության հետ, 34%–ը գիտական աշխատանքներ ու նախագծեր են։
«Հանձնաժողովը կուսումնասիրի այդ հայտերը, կընտրի լավագույն 30-ը։ Առկա ներկայացումից հետո կընտրվեն 10 հաղթողները»,- ասաց Ռուսեցկայան։
Նա նշեց, որ իրենց խնդիրն է գիտական գործընկերություններ կազմակերպել, որոնք կնպաստեն ռուսագիտություն միջազգային էլիտայի զարգացմանը, նոր գիտահետազոտական կենտրոնների ձևավորմանը։ Սա համալիր նախագիծ է, որն ուղղված է աջակցելու նոր «աստղիկներին» ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ոլորտում։
Ռուսեցկայան նշեց, որ ռուսաց լեզուն դադարել է միայն Ռուսաստանին պատկանել։ Այն միանշանակ ժամանակակից կրթության, գիտության, բիզնեսի, բարձր տեխնոլոգիաների լեզու է, այդ պատճառով Ռուսաստանը պատասխանատու է դրա զարգացման, տարածման և որպես միջազգային հաղորդակցման լեզու՝ կարգավիճակի պահպանման համար։
Ինչ վերաբերում է աշխարհում ռուսաց լեզվի «ինքնազգացողության» ինդեքսին` ապա այն 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Ռուսեցկայան ընդգծեց, որ ռուսաց լեզվի իմացությունը առավելություն է տալիս աշխատաշուկայում, կրթություն ստանալիս։
Բացի այդ, ռուսերեն խոսողների թվով լեզուն 8-րդ հորիզոնականում է, ռուսերեն է խոսում աշխարհում 258 մլն մարդ։ Միևնույն ժամանակ աշխարհի բոլոր կայքերի 8,6%–ը ռուսալեզու են։ Առաջին տեղում են անգլալեզու կայքերը, դրանք առաջատար են ավելի քան 60% տարբերությամբ։ Ամեն տարի գիտական ամսագրերում ռուսերեն 37 հազար հրապարակում է հրապարակվում։
ԱՊՀ տարածքում միջազգային հումանիտար հետազոտությունների և երիտասարդական նախաձեռնությունների աջակցման մրցույթն անցկացնում է Ա.Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտը ՌԴ Գիտության և կրթության նախարարության մասնակցությամբ։ Այն նվիրված է Ռուսաստանում գիտության և տեխնոլոգիաների տարվան և ԱՊՀ–ի 30-ամյակին։
Մրցույթի նպատակն է միջազգային երիտասարդական քաղաքականության ու հումանիտար ոլորտում գործընկերության հեռանկարների զարգացումը, ռուսաստանյան կրթության և ԱՊՀ տարածքում որպես ազգամիջյան հաղորդակցման լեզու՝ ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը։
Մրցույթը նախատեսված է 18-35 տարեկան ուսանողների, երիտասարդ գիտնականների և մասնագետների համար, այդ թվում`Հայաստանից: