Հանրությանը հայտնի և անհայտ օլիգարխներն են որոշում տնտեսական քաղաքականությունը. Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի տնտեսության մոդելավորման խնդրին, տնտեսական միտումներին և առանձին ճյուղերի յուրահատկություններին։
Sputnik
Հայաստանի տնտեսության մոդելավորման խնդիրը նոր չէ, տարիներ շարունակ մեր տնտեսությունը զարգացել է իներցիոն բնույթով, փորձ է արվել որտեղից որ հնարավոր է ապահովել տնտեսական աճ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով` ինչպես 2000-ականներին, այնպես էլ հիմա տնտեսական մոդելավորման բացակայությունը բերել է նրան, որ առանձին ճյուղեր կարող են թռիչքաձև աճ ապահովել կարճաժամկետ հատվածում, բայց հետագայում կարող են կտրուկ անկում արձանագրել` խնդիրներ առաջացնելով ամբողջ տնտեսության համար:
ՌԱԴԻՈ
Տպավորություն է, որ հստակ մշակված տնտեսական զարգացման ծրագիր չկա. Գալոյան
«Հիշենք, օրինակ, 2000-ական թվականների շինարարական բումը, երբ ՀՆԱ–ի ընդհանուր հաշվեկշռում այն կազմեց 27 տոկոս, դրամը գերարժևորվեց, սակայն դրան զուգահեռ արտահանման միտված մշակող արդյունաբերության ոլորտը կորցրեց մրցունակությունը։ Հետևաբար տվյալ երևույթը տնտեսագիտության մեջ բնորոշվում է որպես հոլանդական հիվանդություն, երբ ոլորտներից մեկն իր կտրուկ աճով վնասում է մյուսներին։ Նույն պատկերն է հանքարդյունաբերության ոլորտում, որը վերջին տարիներին արձանագրում է երկնիշ տնտեսական աճ, մետաղի գները միջազգային շուկայում կտրուկ աճել են, ունենք դոլարային մեծ հոսք, բայցևայնպես դա հանգեցրել է տնտեսության էլ ավելի կենտրոնացման։ Այսինքն` մենք նստած ենք հանքարդյունաբերության ասեղի վրա, մինչդեռ այս ոլորտի աճից հասարակական օգուտներն ու ակնկալիքները մեծ չեն, առավել ևս, որ մեր տնտեսությունը չի կարող կառուցվել լոկ հանքարդյունաբերության վրա զուտ այն պատճառով, որ հանքաքարը չի վերածվում վերջնական արտադրանքի և արտահանվում է կիսաֆաբրիկատ վիճակում»,– ասաց տնտեսագետը։  
Պարսյանի գնահատմամբ` ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանում գոյություն չունի տնտեսական քաղաքականություն, չկա տնտեսական ճկուն մտածելակերպ, իսկ էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարում է, որ իր պատկերացրած տնտեսական մոդելները երկրում չեն գործում։ Եթե տնտեսական ոլորտի համար պատասխանատու նախարարն է նշում այդ պրոբլեմը, ապա էլ ինչ մոդելավորման մասին կարող է խոսք լինել։
Ինչպես են Հայաստանի իշխանությունները «սպանում» տնտեսությունը՝ հետապնդելով ընդդիմադիրներին
Դրա փոխարեն մենք, ըստ Պարսյանի, առանձին դեպքերում ունենք վայրի լիբերալ մոտեցումներ, երբ հանրությանը հայտնի ու անհայտ օլիգարխներն են որոշում տնտեսական քաղաքականությունը, տնտեսական օրենսդրությունը, շուկաների բաշխումը, իսկ պետությունն իր հերթին գործելու փոխարեն մի կողմ է քաշվել։