Բաքվի իշխանությունները պատասխանատվություն են կրում 2 հայ զինծառայողի սպանելու համար. ՄԻՊ

Ադրբեջանցիները հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՀՀ ՄԻՊ-ը շեշտում է, որ ադրբեջանական զինված ուժերը՝
Ադրբեջանցիներն այս պահին կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ
1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.
2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն տարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են (տներ, խոտհարքեր, վարելահողեր արոտավայրեր).
3. պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին և առողջությանը, վնաս են պատճառում մարդկանց գույքին և կենդանիներին.
4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.
Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Արավուս գյուղի ուղղությամբ. ՄԻՊ
5. գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը.
6 հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:
«Այս ամենին գումարվում է այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն: Այս փաստերն ու հիմնավորումները կուղարկվեն միջազգային կառույցներին»,-նշված է Արման Թաթոյանի գրառման մեջ:
Ադրբեջանական հենակետերը պետք է հեռացվեն բնակավայրերի մոտից. Արցախի ՄԻՊ–ը` սպառնալիքի մասին
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ ժամը 18:10-ի սահմանում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Նույն օրը` ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։ 
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։