Ադրբեջանցիների գլխավոր նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է իրենց ձեռնտու պայմաններով։ Այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Նրա խոսքով` կար սրան նախորդած հարաբերական դադարի փուլ, երբ Ալիևը չէր խոսում ներկայիս պարբերականությամբ։ «Այդ կարճատև դադարի ընդհատման պատճառը պետք է փնտրել ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում, որը կապված է նաև սահմանազատման ու արցախյան հիմնախնդրի հետ»,–ասաց Տոնոյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառ կատարած այցի ժամանակ հերթական սպառնալիքներն է ուղղել Հայաստանին և հայտարարել, որ Վարդենիսն ու Սյունիքի մարզն ադրբեջանական հողեր են:
«Ալիևն ուղերձներ է հղում ոչ միայն մեզ, այլև առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությանը, որ չի պատրաստվում հետ կանգնել իր ծրագրերից և առավել ևս պահանջներից։ Նրա ուղերձներն ուղղված են նաև միջազգային հանրությանը, քանի որ տարբեր մակարդակներում խոսվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և այդ թեմայով հանդիպումների անհրաժեշտության մասին։ Հետևաբար, Ալիևը հետպատերազմյան իր օրակարգն առաջ տանելով` փորձում է հետին պլան մղել արցախյան հիմնախնդիրը»,– ասաց իրանագետը։
Տոնոյանի կարծիքով` ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ Հայաստանում կայացած ընտրություններից հետո կարող էր լինել իրենց ձեռնտու լուծում, բայց հայկական կողմը չի ընդունում առաջադրված պայմանները, ինչն էլ բերում է նոր լարվածության։ Ըստ նրա` սահմանազատման խնդիրն ինքնանպատակ չէ, և այդ թեմայով ճնշում է գործադրվում ՀՀ–ի վրա, որպեսզի պաշտոնական Երևանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու վերջնականապես փակի արցախյան հակամարտության էջը։Տոնոյանի խոսքով` հաշվի առնելով, թե ինչպիսի գերնպատակ է հետապնդում Ադրբեջանը, չի բացառվում, որ լարվածությունը կարող է ավելի մեծանալ։
Հիշեցնենք `Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրվեց մայիսի 12-ին։ Ադրբեջանցի զինվորականներն այժմ գտնվում են Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մոտակայքում։ Լարվածության ևս մեկ օջախ էլ կա Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ (Նախիջևանի ուղղություն)։
Այդ հատվածներում պարբերաբար փոխհրաձգություններ են գրանցվում։