Ադրբեջանը ցանկանում է վիժեցնել ապաշրջափակման գործընթացը. ՀՀ արտգործնախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով վերջին օրերի Ադրբեջանի գործողություններին։ ԱԳՆ–ն դատապարտել է նման գործելաոճը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի գործողությունները նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև վիժեցնելու տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը և բոլոր հաղորդակցության միջոցների բացումը: Նման հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով երեկ և այսօր գրանցված Ադրբեջանի սադրիչ քայլերին։
ԱԺ–ն օգոստոսի 18-ին կքննարկի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի հարցը
«Դատապարտում ենք ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ  ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Գերատեսչությունից  վստահեցնում են` Հայաստանը հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը:
Միաժամանակ, արտգործնախարարությունը նշում է` հատկանշական է, որ Ադրբեջանի գործողությունները զուգորդվում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների հետ:
Սոթքի ոսկու հանքավայրի 200 աշխատակիցներին տարհանում են. կրակոցներ են հնչում
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել ՀՀ սահմանամերձ հատվածներում՝ Երասխ բնակավայրի, Սյունիքի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի մարզի ուղղությամբ` թիրախավորելով սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվող կրակոցները Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում շարունակվել են նաև օգոստոսի 17-ին:
Ալիևը սպառնացել է Հայաստանին և խոստացել «Զանգեզուր վերադարձնել» իր քաղաքացիներին
Ադրբեջանի ԶՈւ իրականացրած հրաձգության հետևանքով օգոստոսի 16-ին դիպուկահարի կրակոցից Երասխի հատվածում զոհվել է զինծառայող Վահան Թաթոսյանը, իսկ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից՝ զինծառայող Արման Հակոբյանը: Օգոստոսի 17-ին հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։