ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ` 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում»,– Սարգսյանի հրաժարականի դիմումից մեջբերում է փաստաբանը:
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքնի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։
Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Նշենք, որ Էմին Խաչատրյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։