ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց, զոհ տալով, հետ է շպրտվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15–ի գիշերը ևս, ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում հրադադարը։ Հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել էր Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ էին բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել էին սնունդ տեղափոխող մեքենայի վրա։