ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Торжественная церемония открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн
© Photo : official site of MESCS of RA
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:
«Հայ-հնդկական պատմական առնչությունները խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Торжественная церемония открытия памятника Махатме Ганди в парке Буэнос-Айрес (16 августа 2021). Еревaн
© Photo : official site of MESCS of RA
Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն ու դեսպան Կիշան Դան Դեվալը շնորհակալություն են հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար:
Հավելենք, որ երեկ նշվում էր Հնդկաստանի անկախության օրը։
Հիշեցնենք, որ 2021-ն ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բենզին էր լցրել Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։