ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանի մահվան փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` 19-ամյա զինվորը մահացու հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց, որ ժամը 18:10-ի սահմանում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Այսօր` ժամը 09:50-ի սահմանում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել նաև ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։