Երասխի հատվածում թշնամին սադրանքի է դիմել. հայկական կողմն ունի մեկ զոհ

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Երասխի հատվածում թշնամին սադրանքի է դիմել. հայկական կողմն ունի մեկ զոհ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Տեղեկացվում է, որ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեղեկացվում է, որ ադրբեջանական կողմը տվել է մեկ զոհ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում հրադադարը։ Հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանցիները հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառել Արցախում. ՊԲ
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել էր Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ էին բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել էին սնունդ տեղափոխող մեքենայի վրա։