Աֆղանական զարգացումներն առնչվում են նաև Հայաստանին. արաբագետ 

Արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, այդ երկրի շուրջ ծավալվող զարգացումներին և այդ համատեսքոտւմ տարածաշրջանային անվտանգության հետ կապված մարտահրավերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Եթե ՀԱՊԿ–ն աֆղանական խնդրի առնչությամբ ներքաշվի տևական ու անկառավարելի հակամարտության մեջ, ապա Հայաստանը, ուզի թե չուզի, լինելով կազմակերպության անդամ երկիր,ներգրավվելու է այն գործողություններում, որոնք կձեռնարկի ՀԱՊԿ–ն, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արմեն Պետրոսյանը։
ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի մոտ. Զաս
«Աֆղանական զարգացումները երկու ուղղությամբ կապվում են նաև Հայաստանի հետ։ Առաջին դեպքում Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները սպառնում են ՀԱՊԿ–ի անվտանգության և ազդեցության գոտուն, ընդ որում` անվտանգությանն առնչվող մարտահրավերները չեն գալիս միայն «Թալիբանից», որովհետև այսօր Աֆղանստանում ստեղծվում է փաստացի քաոսային վիճակ, անիշխանություն, և այդ իրավիճակից օգտվում են նաև այլ ծայրահեղական խմբավորումները, որոնցից կարող են բխել ավելի մեծ սպառնալիքներ` ուղղված ՀԱՊԿ–ի պետություններին»,– նշեց վերլուծաբանը։
Անդրադառնալով աֆղանական զարգացումներում թուրք–ադրբեջանական մասնակցության հարցին` Պետրոսյանն ընդգծեց, որ Շուշիի տխրահռչակ պայմանագրի կնքումով Ադրբեջանը զրկվել է մանևրելու հնարավորությունից, այսինքն` որտեղ Թուրքիան է, այնտեղ էլ կամա թե ակամա գտնվելու է Ադրբեջանը։ Օրինակ` Քաբուլի օդանավակայանի տարածքում տեղակայված թուրքական զինուժի կազմում կան ադրբեջանցի զինվորականներ։ Ըստ նրա` պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Թուրքիայի, աֆղանական կառավարության ու ՆԱՏՕ–ի միջև, փաստացի տապալվում է, և եթե Թուրքիան ցանկանում է մնալ Աֆղանստանում, ինչը կասկածից վեր է, ապա նա պարտավոր է պայմանավորվել թալիբների հետ, և չի բացառվում, որ առանց միջնորդների կճանաչի «Թալիբանի» ինքնիշխանությունը` մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը։
Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա. ԱԳՆ
Պետրոսյանն անդրադարձավ նաև մեր և Աֆղանստանի անմիջական հարևան Իրանի դիրքորոշմանը, որն իր հերթին կարող է պատվար լինել միջազգային անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ ու վարել կառուցողական քաղաքականություն` ի տարբերություն Թուրքիայի, որը գնում է արկածախնդրության ճանապարհով։ Ըստ վերլուծաբանի` պաշտոնական Թեհրանը թեև արևմտյան պատժամիջոցների պատճառով գտնվում է բարդ իրավիճակում, բայցևայնպես ունի նման խնդիրներ հանգուցալուծելու հարուստ փորձ, և պատահական չէ, որ բոլորովին վերջերս Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցան հանդիպումներ թալիբների ու իրանական կողմի ներկայացուցիչների միջև։ Իրանը միանշանակ կարող է պաշտպանիչ պատվար հանդիսանալ ծայրահեղական ահաբեկիչների մուտքն այդ երկիր և Հարավային Կովկաս կասեցնելու համար։     
Ինքնաթիռի «գրոհ» և հրմշտոց Քաբուլում. մարդիկ փորձում են փախչել Աֆղանստանից. տեսանյութեր
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Կիրակի օրը ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ լքել է երկիրը` «արյունահեղությունը կանխելու համար»։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմն ասաց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։