Ելփինում հայտնաբերված գորշ արջի կյանքը փրկել չի հաջողվել

Մասնագետների գնահատմամբ` վիրավոր արջը երկար ժամանակ մնացել էր ընկած անօգնական վիճակում, ինչի պատճառով նրա վիճակն ավելի էր ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել էր ուժեղ սթրեսի և սկսել էր կրծել սեփական թաթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է, որ, չնայած գործադրված ջանքերին, օրեր առաջ Վայոց Ձորի Ելփին գյուղում հայտնաբերված վիրավոր արջի կյանքը փրկել չի հաջողվել։ 3-ամյա գորշ արջը սատկել է։
Կյանքը վանդակում ու դրանից դուրս. բնապահպաններն Արմավիրում փրկել են հերթական արջին
Հիշեցնենք` օգոստոսի 10-ին հրապարակված տեղեկության համաձայն` արջի մոտ առկա է եղել հրազենային վիրավորում, ինչը թույլ է տվել ենթադրել, որ նա որսագողերի թիրախ է դարձել։ Բացի այդ, ուղեղի ցնցման նշաններ են եղել, ինչը կարող էր առաջացած լինել կրակոցից հետո ձորը գլորվելու հետևանքով։
Վիրավոր կենդանին տեղափոխվել էր Արարատի մարզի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Մասնագետների գնահատմամբ` վիրավոր արջը երկար ժամանակ մնացել էր ընկած անօգնական վիճակում, ինչի պատճառով նրա վիճակն ավելի էր ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել էր շատ ուժեղ սթրեսի և սկսել կրծել սեփական թաթը։
Գորշ արջը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ենթակա է պետության կողմից հատուկ պահպանման։ Գորշ արջերի որսն արգելված է ՀՀ օրենսդրությամբ։
Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին