ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների (կմ 20+900-կմ 22+700 և կմ23+000-կմ31+200) հիմնանորոգումը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը։
Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։
Հիմնանորոգման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, կամրացվեն կողային առուները, կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կկառուցվեն ջրահեռացման համակարգեր և այլն։ Ճանապարհի անվտանգության միջոցառումներ կձեռնարկվեն հիմնանորոգվող ամբողջ հատվածի երկայնքով։ Կիրականացվի նշագծում, ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրում։ Կվերանորոգվի նշված հատվածում գտնվող 6 կամուրջ։
Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Հիմնանորոգման աշխատանքները կնպաստեն, որպեսզի երթևեկությունն առավել անվտանգ դառնա։ Բարելավված ճանապարհը կհեշտացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործումը, հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ: