Հայոց լեզվի շտեմարանները ստեղծվել են պղտոր ջրում ձուկ որսալու համար. Լեզվի կոմիտեի նախագահ

Գնահատման ու թեստավորման կենտրոնում, Դավիթ Գյուրջինյանի դիտարկմամբ, հակված են հնարավորինս ամեն ինչ բարդացնելու, որպեսզի դիմորդը ստիպված լինի դասերից հետո գնալ պարապելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Փաստը, որ Հայաստանում դիմորդներն այս տարի հայոց լեզվից չափազանց ցածր գնահատականներ են ստացել, իսկ ընտրության հնարավորության դեպքում հիմնականում գերադասել են օտար լեզվով քննություն հանձնել, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին չի զարմացնում։ Պատճառն, ըստ նրա, տարիներ շարունակ Հայաստանում շրջանառված հայոց լեզվի շտեմարաններն են։
ԿԳՄՍՆ-ն հերքում է. քանի՞ դիմորդ չի հաղթահարել հայերենի միասնական քննության անցողիկ շեմը
«Դրանք հայերենի իմացություն չեն ստուգում, այնտեղ բաժիններ կան, որոնք առհասարակ դպրոցական կրթության հետ չեն կապվում,– ասաց նա,– եթե դուք արմատներն ստուգեք, կիմանաք, որ այդտեղ պղտոր ջուր են ստեղծել, որ ձուկ որսան։ Տարիներ շարունակ շշուկներ էին պտտվում, որ բարձր գնահատական ստանալու համար մարդիկ տասնյակներով գնում էին պարապելու շտեմարանների հետ առնչվող մարդկանց մոտ։ Եվ հիմա այդ նույն մարդիկ լալահառաչ ասում են` վայ, գիտեք, հայերենը չեն ընտրել, անգլերենն են ընտրել։ Ես այդ մարդկանց տարիներ առաջ ասել եմ` շարունակեք այսպես, դուք չեք ունենալու դիմորդ, հայերենը կհանեն առհասարակ»։
Գործող կարգը Դավիթ Գյուրջինյանը որակում է իբրև «անգիրի դպրոց»` հավելելով, որ այն որևէ իրական գիտելիք չի տալիս դիմորդին։
Լուծումը, ըստ նրա, առաջադրանքների հնարավորինս պարզեցումն է, քանի որ մայրենի լեզուն սովորելը պետք է լինի հեշտ ու հաճելի։ Մինչդեռ Գնահատման ու թեստավորման կենտրոնում, նրա դիտարկմամբ, հակված են հնարավորինս ամեն ինչ բարդացնելու, որպեսզի դիմորդը ստիպված լինի դասերից հետո գնալ պարապելու։
Հայաստանում հեռուստացույցն ավելի շատ ռուսերեն է «խոսում». հայերենը հեռուստաեթերում 14 % է