Հայաստանի բանակի վերափոխումը. պատասխան` Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ սերտ համագործակցությանը

Ռազմաքաղաքական ղեկավարությունն Արցախում 44-օրյա պատերազմից հետո հայկական բանակի լայնածավալ վերակազմավորում է խոստանում։ Եվ պետք է հասկանալ, թե ինչ աշխատանք է պետք անել «տեղում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի կոշտ  հռետորաբանությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ բազմազան դատողությունների տեղիք է տվել՝ հիացական արձագանքներից մինչև բացահայտ թերահավատություն և չափից դուրս խրոխտությունից հրաժարվելու կոչեր։ Վերջին շաբաթվա ընթացքում Արշակ Կարապետյանը երկու անգամ սպառնաց ուժ կիրառել, եթե հակառակորդը չհեռանա սահմանամերձ հայկական տարածքներից կամ փորձի ինչ-որ նոր հարձակումներ ձեռնարկել:
Այսպես, օգոստոսի 7-ին, 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին ներկայացնելով նոր հրամանատարին,  Կարապետյանը մասնավորապես հայտարարել է, որ եթե ադրբեջանական զինված ուժերը փորձեն անցնել հայկական տարածք, ապա պետք է կիրառել բոլոր միջոցները, որպեսզի այդ փորձերն անհաջողության մատնվեն։
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայկական բանակի արդիականացմանը. Շոյգու
Իսկ օգոստոսի 9-ին Երևան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ Կարապետյանն ասել էր, որ հայկական կողմի համբերությունն անսահման չէ: Եվ եթե ադրբեջանական զորքերը դուրս չգան հայկական տարածքից՝ Գեղարքունիքի Կութ և Վերին Շորժա գյուղերի և Սյունիքի Սև լճի մերձակայքից, ապա հայկական կողմն իրեն իրավունք կվերապահի ուժ կիրառել։
Եթե մի կողմ թողնենք նախարարի հայտարարությունների քաղաքական կողմը և դիտարկենք զուտ ռազմական բաղադրիչը, ապա պետք է մատնանշենք մի քանի կետ, որոնք, մեր կարծիքով, կարևոր են։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ռազմական ղեկավարությունն ակտիվորեն զբաղվում է զինված ուժերի զինանոցի համալրմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի օգնությամբ։ Սպառազինությունների անվանացանկը մենք, բնականաբար, չենք նշի, բայց այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում։
Եվ պետք է նշել, որ բանակը ոչ միայն զենքն է, այլև մարդիկ։ Եվ հենց մարդիկ են կենտրոնական դեր ունենալու ԶՈւ բարեփոխման գործում։ Մեր տեղեկություններով՝ հիմք է դրվել բանակային երկարաժամկետ բարեփոխումների համար, որոնք  ներառում են ոչ միայն նոր զինատեսակների գնում, այլև կադրային պատրաստություն, կառավարման ոլորտի բարեփոխումներ։ Ընդ որում, այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարել Վաղարշակ Հարությունյանը, որը գլխավորում էր պաշտպանության նախարարությունը 2020թ․-ի նոյեմբերից մինչև 2021թ․-ի հուլիսը։
Մեզ հաջողվեց պարզել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում (այժմ արդեն նախկին նախարարի ջանքերով) նախանշվել է խնդիրների այն շրջանակը, որոնց  լուծմանը ձեռնամուխ է լինելու ռազմական ղեկավարությունը։ Մասնավորապես, նախատեսվում է հայկական բանակը վերակառուցել ռուսական մոդելով և ռուսական ձևաչափով։ Բարեփոխումների շրջանակում առաջարկվում է լրջորեն մեծացնել պաշտպանության նախարարի դերը։
Ներկայումս նախարարի պաշտոնը հիմնականում վարչական, «քաղաքացիական» բնույթ է կրում, իսկ գլխավոր շտաբի պետը նրան զուտ ձևականորեն է ենթարկվում։ Նախարարի ինստիտուտի հզորացումը ենթադրում է նրա լիազորությունների որոշակի ընդլայնում, միանգամայն կոնկրետ գործառույթների, այդ թվում՝ ռազմական գործառույթների փոխանցում։
Հայաստանն Անդրկովկասում ՌԴ–ի առանցքային գործընկերն է. Շոյգուն` Կարապետյանի հետ հանդիպմանը
Առաջիկա բարեփոխումների ևս մեկ կարևոր բաղադրիչ կդառնա հայ-ռուսական միացյալ զորախմբի բազմապատիկ ավելացումը։ Ներկայումս ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորումը ներառում է ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները: Ապագա մոդելը ենթադրում է այդ միավորման մեջ ընդգրկել Հայաստանի բոլոր զինված ուժերը։
Հայկական բանակի նման վերակազմավորումը շատ առումներով կարող է դիտարկվել որպես պատասխան արձագանք Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի սերտ համագործակցությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեռ հուլիսին հայտարարել էր, որ բարեփոխումներն ուղղված են ադրբեջանական բանակը Թուրքիայի ԶՈւ չափանիշներին համապատասխանեցնելուն։
«Ռուսաստանից Ս-300-ներ գնելու առաջին պայմանագիրը կնքվել է Քոչարյանի ժամանակ». Օհանյան
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ բոլոր նախատեսված փոփոխությունները «հողի վրա» իրականում հսկայական ամենօրյա աշխատանք և միլիարդների ֆինանսական ներդրումներ են ենթադրում, որոնք ուղղված կլինեն ինչպես կադրային պատրաստությանը, այնպես էլ ժամանակակից զինատեսակների գնմանը:
Ռուս ռազմական փորձագետ, ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը նշում է, որ Հայաստանն այս պահին պաշտպանության ոլորտի նախագծերի վերաիմաստավորման կարիք ունի:
«Վերջին մի քանի տարում Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ոլորտում մի քանի հետաքրքիր գաղափարներ կային, սակայն այդ բոլոր նախագծերը բախվեցին ֆինանսավորման խնդրին։ Հաշվապահության մեջ, այսպես ասած, չեմ խորանա, կասեմ միայն, որ պետք է պաշտպանական արդյունաբերության ոլորտում ազգային նախագծերի վերանայում իրականացնել և հասկանալ, թե ինչն է առաջնային, ու այդտեղ էլ կենտրոնացնել առկա ռեսուրսները»,-ասաց Պուխովը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շատ լուրջ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստմանը, ներդրում կատարել մարդկային կապիտալում։ Զինծառայողները պետք է լավ աշխատավարձ ստանան, վստահ լինեն, որ իրենք և իրենց ընտանիքները պետության կողմից անուշադրության չեն մատնվի։
«Անշուշտ, բանակում պետք է ծառայեն առաջին հերթին հայրենասիրական մղումներից ելնելով, բայց միևնույն ժամանակ պայմանագրային սերժանտը կամ շարքային պայմանագրային զինծառայողը չպետք է ավելի քիչ աշխատավարձ ստանա, քան Երևանի որևէ սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը»,-ասում է մեր զրուցակիցը։
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Սոցիալական երաշխիքները, զորանոցային-կենցաղային պայմանների բարելավումը և առհասարակ զինվորականի մասնագիտության գրավչության բարձրացումը կարևոր են պաշտպանական բարեփոխումների շղթայում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ փոխգործակցությանը, ապա Պուխովը կարծում է, որ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում կոոպերացիայի զգալի ներուժ կա: Ռուսաստանին հետաքրքիր կլինեն բարձր տեխնոլոգիական բաղադրիչ ունեցող մի շարք հայկական մշակումներ։ Բայց այս հարցը նույնպես բախվում է մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու անհրաժեշտությանը։
Պուխովի կարծիքով՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանից Ռուսաստան արտահանման հիմնական ապրանքները խիստ սահմանափակ են՝ միրգ, տեքստիլ, սննդամթերք: Արտահանման անվանացանկում ռազմական ոչինչ չկա, չկա «հայթեք», և այդ բացը պետք է լրացնել։
Վտանգավոր է Հայաստանի և ոչ միայն նրա համար. ինչու է Էրդողանը Վրաստանին ներքաշում խաղի մեջ
Ինչ վերաբերում է պայմանական «զենքին», Պուխովի խոսքով, հաշվի առնելով այն օգնությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ չհանդիսացող Սիրիային, ապա պարտավոր է օգնել նաև Հայաստանին: Փորձագետն ընդգծում է, որ սպառազինության ու ռազմական տեխնիկայի բազմաթիվ տեսակներ կարող են և պետք է փոխանցեն անհատույց հիմունքներով:
«Օրինակ՝ Ռուսաստանում հիմա վերազինում է ընթանում С-400 ՀՕՊ համակարգերով։ Համապատասխանաբար, С-300-ի վերջին մոդիֆիկացիաները հանգիստ կարող են մատակարարվել Հայաստան՝ դրանց արդիականացման կամ նորոգման գնով։ Այդպիսով կուժեղացվի հանրապետության ՀՕՊ համակարգը։ Նույնը կարելի է անել նաև զրահատանկային տեխնիկայի ոլորտում»,-կարծում է փորձագետը։
Հայզագի ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը` խոսելով բարեփոխումների մասին, նշում է, որ դրանց բնույթը հասկանալու համար պետք է պատասխանել այն հարցին, թե ինչ հստակ խնդիրներ են դրված բանակի առաջ, ինչ նպատակներ է հետապնդում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ռևա՞նշ, սահմանների պաշտպանությո՞ւն՝ Ռուսաստանի հետ փոխգործակցությամբ, ինչ-ինչ տեղայի՞ն գործառույթներ: Հարությունովը կարծում է, որ այդ ելակետային խնդրից էլ կախված կլինի զինված ուժերի դիմագիծը։
Բանակի վրա դրված գործառույթներով պայմանավորված կլինի նաև այն, թե սպառազինության ինչ կոնկրետ տեսակների և ուղղությունների վրա պետք է ուշադրություն դարձնել, օրինակ՝ օդաչուավոր ավիացիայի կամ հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգերի վրա:
Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԽ գրասենյակում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
«Բայց այս հարցում համակարգային երկու խնդիր կա։ Եթե բանակի բարեփոխման հավակնոտ հարցն է առաջ քաշվում, ապա անխուսափելիորեն ֆինանսների խնդիր է առաջանում։ Ժամանակակից սպառազինությունների գնման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ։ Երկրորդ խնդիրը կադրերի հետ է կապված։ Ակնհայտ է, որ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը սերտորեն կապված է կրթական և սոցիալական ոլորտներում առկա խնդիրների հետ»,-ասաց Հարությունովը։
Ամեն դեպքում Ռուսաստանի հետ սերտ փոխգործակցությունը, բանակի վերակազմավորումը ռուսական օրինակով խիստ արդիական սցենար է՝ անկախ նրանից, թե առաջիկա տարիներին ինչ դեր է հատկացվելու բանակին։ Հայ-ռուսական կոոպերացիան ոչ երեկ է սկսվել, ոչ էլ այսօր։ Ապագայում այն միայն նոր բովանդակություն կստանա։