ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Փորձելով հասկանալ, թե ինչու է լողն այդպիսի խթանող ազդեցություն ունենում ուղեղի վրա, գիտնականները մի քանի ուսումնասիրություն են կատարել, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ աերոբիկ վարժությունները նպաստում են նոր նեյրոնային կապերի վերականգնմանն ու առաջացմանը, ինչը համապատասխանաբար, լավացնում է ուղեղի աշխատանքն ու առողջացնում է օրգանիզմը։
Այս թեմայով հոդվածը հրապարակել է «Московский комсмолец»-ը՝ հղում անելով The Conversation կայքին։
Մինչև 1960-ական թվականները գիտնականները կարծում էին, որ մարդու ուղեղում նեյրոնների և սիապտիկ ազդանշանների թիվը սահմանափակ է, և որ վնասվելու դեպքում գլխուղեղի այդ բջիջները չեն կարող փոխարինվել։ Բայց այդ գաղափարը հերքվեց, երբ գիտնականները սկսեցին հասուն մարդկանց և կենդանիների ուղեղում նեյրոնների առաջացման կամ նեյրոգենեզի բավականաչափ ապացույցներ ստանալ։
Հիմա հստակ ապացույցներ կան, որ լողը կարող է նպաստել նեյրոգենեզին և առանցքային դեր խաղալ վնասված նեյրոնների ու նեյրոնային կապերի վերականգնման հարցում ինչպես կաթնասունների, այնպես է ձկներ մոտ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարժություններին ի պատասխան այդ փոփոխությունների առաջացման հիմնական եղանակներից մեկը «ուղեղի նեյրոտրոֆիկ գործոն» կոչվող սպիտակուցի մակարդակի ավելացումն է։ Պարզվել է, որ նեյրոնային ճկունությունը կամ ուղեղի փոփոխվելու ունակությունը, որը խթանում է տվյալ սպիտակուցը, բարելավում է ճանաչողական գործառույթները, ներառյալ սովորելու գործառույթը, ինչպես նաև հիշողությունը։
Երեխաների մասնակցությամբ մի քանի փորձարկումներ նույնպես ցույց են տվել, որ լողից հետո երեխաներն ավելի լավ են ընկալում նյութը։