Արմավիրում բոլոր թունավորվածներն օգտագործել են շրջիկ ցիստեռնից գնված ջուր

Օգոստոսի 12-ին մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում՝ աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է 31 անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզում օրերս թունավորման հետևանքով հիվանդանոց բոլոր տեղափոխվածներն էլ օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` մանրամասներ հայտնելով թունավորման դեպքից։
Օգոստոսի 11-ին հայտնել էինք, որ 9 հոգու թունավորմամբ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրանք հայտնել են, որ թունավորվել են ջրից։
Թունավորվածները Խանջյանի բնակիչներ են. խմելու ջրի նմուշառումներ են արվել
«Բնակչության շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ (զգուշացվել է այդ ջուրը չօգտագործելու մասին)։ Օգոստոսի 12-ին մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում՝ աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է 31 անձ։ Նրանցից 5-ը ևս հոսպիտալացվել են, իսկ մյուս պացիենտների նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արդյունքում` այսօրվա դրությամբ, «Արմավիր» ԲԿ–ում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն էլ թունավորման փաստով քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում):