«Խցանում» բառը վերջին տարիներին սովորական է դարձել երևանցիների համար, իսկ կար ժամանակ, որ խցանումների մասին խոսակցությունները միայն ժպիտ էին առաջացնում, և քաղաքի մի ծայրից մյուսը կարելի էր հասնել առավելագույնը կես ժամում։ Ո՞րն է խնդիրը, և ինչպե՞ս կարելի է լուծել այն. այս հարցերի պատասխանը` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։
Տրանսպորտային համակարգի հարցը Երևանի առանցքային խնդիրն է։ Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ աշխատում են տրանսպորտային համակարգի բարելավման ուղղությամբ։ Արդեն նոր ավտոբուսներ են գնել (առաջին խմբաքանակն արդեն շրջում է քաղաքում), որոնք կփոխարինեն մաշված «Գազելներին»։
Բայց տրանսպորտի արդիականացումը չի բեռնաթափի փողոցները, որոնք ի սկզբանե նախատեսված չեն եղել այս քանակի մեքենաների համար։
Մասնագետներն առանձնացնում են մի շարք պատճառներ, որոնք հանգեցրել են այսօրվա վիճակին։ Կտրուկ աճել է մարդատար ավտոմեքենաների թիվը (օգտագործված), հանրային տրանսպորտի շարժման սխեմաներ չկան, բեռնատարների և միջքաղաքային տրանսպորտի համար չունենք շրջանցիկ ճանապարհներ ու արագընթաց մայրուղիներ։