Ինչպես բժիշկը փրկեց հայ գերիներին․ Քանաքեռի հայտնի սրբավայրի անհայտ պատմությունը

Sputnik
13-րդ դարի խաչքար-մահարձանը Քանաքեռում պահպանված ամենահին հուշարձանն է, որը նույնիսկ ավերիչ երկրաշարժից հետո է կանգուն մնացել։ Տեղացիները հավատում են, որ այն հրաշքներ է գործում՝ տարբեր հիվանդություններ բուժում, բաղձալի զավակ պարգևում։ Sputnik Արմենիան փորձել է մանրամասներ իմանալ հայտնի-անհայտ հուշարձանի մասին։
Информационная табличка на стене петеванского памятника-хачкара в Канакере
Պետևանի մահարձան-կոթող
Քանաքեռում՝ Երևանից Սևան տանող Զաքարիա Քանաքեռցի փողոցի ճամփեզրին, փոքրիկ մատուռանման շինություն կա, ավելի ճիշտ՝ որմնափակ մեծ խաչքար։ Այստեղ տարվա բոլոր եղանակներին ու օրվա տարբեր ժամերին կարելի է մարդկանց տեսնել, որոնք գալիս են մոմ վառելու, իրենց աղոթքն առ Աստված հղելու համար։ Քանաքեռցիների շրջանում տարածված է, որ սա բժշկող սրբավայր է։ Ասում են՝ այստեղ շատ են գալիս նաև անզավակ զույգերը՝ Տիրոջից ծնող դառնալու օրհնությունը խնդրելու։

Ի՞նչ են լսել տեղացիները․․․

Տեղացիների շրջանում այս հուշարձանը հայտնի է Ամենափրկիչ անունով։ Հարևանությամբ ապրող մոմավաճառ կինն ասում է՝ այստեղ կարելի է ամենատարբեր միջավայրի մարդկանց տեսնել, նույնիսկ՝ պաշտոնյաների։ Անգամ վաղուց հայրենիքից հեռու բնակություն հաստատած քանաքեռցիները հաճախ իրենց ազգականներին գումար են ուղարկում, խնդրում գալ այստեղ ու իրենց անունից մոմ վառել կամ մատաղ անել։ Նրա խոսքով՝ պատերազմի օրերին այստեղ ասեղ գցելու տեղ չկար։
«Մարդիկ կան, գալիս են, ասում են՝ սա իմ խաչքարն է, ինձ բուժել է, փրկել է», - ասում է կինը։ Գլխավոր որմնափակ խաչքարի հարևանությամբ տարբեր ժամանակաշրջանների խաչքարեր են։ Ինչպես կամ ով է կառուցել որմնափակ խաչքարը, մոմավաճառ կինը հաստատ չգիտի, դեռ իր տատիկից լսել է, որ խաչքարը կանգնեցվել է՝ ի հիշատակ մի բժշկի, որը մեծ համբավ է ունեցել, շատերին է բուժել։
Петеванский памятник-хачкар в Канакере
Պետևանի մահարձան
Ավելին իմանալու մեր ցանկությունը տեսնելով՝ կինը խնդրում է մի քիչ սպասել, թողնում է մեզ ու մոմերը, քայլելով հարևան դարպասին մոտենում ու կորչում մեր տեսադաշտից։ Րոպեներ անց վերադառնում է մի տատիկի հետ։
«Բալես, ինտերնետը բաց, կարդա՝ Պետևանի մահարձան-կոթող»,- դեռ մեզ չհասած՝ հեռվից արդեն ասում է տատիկը։

Բնիկ քանաքեռցու սկեսուրի սկեսուրից հասած տեղեկությունները

Վերցնում եմ հեռախոսն ու գործի անցնում․ տեղեկությունները սակավ են։ Մինչ ես կարդում եմ, Սիրուշ տատը սկսում է խոսել։
«Ես պասպորտով Վարդանուշ Հովհաննիսյան եմ, բայց Սիրուշ են ասում, բնիկ քանաքեռցի եմ, սկեսուրս ասում էր՝ շատ զորավոր սուրբ է։ Տես էս ծառերը, չորս երեխեքիս պատվին մենք ենք տնկել»։
Հիշում է՝ մի անգամ երազ տեսավ, ինքը խաչքարի մոտ կանգնած էր, ու չորս լույսեր վառվեցին։ Հաջորդ օրն առավոտյան մինուճար որդուն հիվանդանոց տարան, երեխայի վիճակը շատ ծանր էր, բժիշկները կայծակնային մինինգիտ էին ախտորոշել, ավելի ուշ պարզվեց՝ կույրաղիքի բորբոքում է։
«Ես էնքան հանգիստ էի, զարմանում էին, թե ոնց եմ էդպես մնում։ Ասում էի՝ երեխես փրկվելու է, չորս երեխեքից չորս լույսն էլ վառվեց»,- պատմում է Սիրուշ տատն ու հուզվում։ 8-րդ դասարանում հրաշք եղավ, որդին փրկվեց, բայց մի քանի տարի առաջ վթարը խլեց նրա կյանքը։
Бабушка Сируш
Սիրուշ տատը
Խորհրդային տարիներին փորձ էր արվում ժողովրդին օտարել եկեղեցուց, հավատքն, այսպես ասած, արգելքի տակ էր։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի ամբողջ տարածքում այդ տարիներին բազմաթիվ եկեղեցիներ խոնարհվեցին՝ որոշները քանդվեցին, մյուսները՝ որպես ամբար, պահեստ օգտագործվեցին և այլն։ Սիրուշ տատն ասում է՝ «Սովետը փակել էր եկեղեցու դարպասները»։
«Որ ղարաբաղյան շարժումը սկսվեց, քանաքեռցիները տվեցին, կողպեքը ջարդեցին»։
Սիրուշ տատը հիշում է՝ արգելքի այդ տարիներին այստեղ շատ հաճախ կարելի էր հարս ու փեսայի տեսնել։ Գալիս էին Աստծո օրհնությունը ստանալու՝ «սովետի աչքից» հեռու։
«Չգիտեմ, թե էդտեղ ինչ է գրված»,- ցույց տալով հեռախոսս՝ շարունակում է պատմել Սիրուշ տատը,- «Զաքարիա Քանաքեռցին գրում  է, որ 1600-ականներին՝ հունիսին, զորեղ երկրաշարժ է եղել։ Դե էն ժամանակ հողից տներ էին շինված, երկրաշարժն ամեն ինչ ավերել է, բոլոր տներն ու շինությունները, նաև գյուղի երկու եկեղեցիները, մենակ էս մահարձան-խաչքարը կանգուն է մնացել»։
Петеванский памятник-хачкар в Канакере
Պետևանի մահարձան-հուշարձանի տարածքում
Սիրուշ տատը խոսում է 1679 թվականի հունիսի 4-ի Երևանի կամ Գառնիի երկրաշարժի մասին, որը կրկնվել է հունիսի 12-ին։ Ըստ Զաքարիա Քանաքեռցու՝ թույլ ցնցումները մինչև աշուն շարունակվել են։ Իսկապես, երկրաշարժի հետևանքով բազմաթիվ կառույցներ են վնասվել ու կործանվել, իսկ Քանաքեռ գյուղն ամբողջությամբ է ավերվել։ Նշվում է, որ միայն գյուղում զոհերի թիվը 1200-ից ավելի է եղել։
«Սկեսուրիս սկեսուրը՝ Ջավահիր տատիկը, 1869 թվականին ծնված կին էր, պատմում էր, որ Պետևանը շատ հայտնի բժիշկ է եղել, շատերին է օգնել, մահից հետո՝ 1265 թվականին իր ու աղջկա գերեզմանների վրա էս խաչքարն են կանգնեցրել, ուխտատեղի են դարձրել»։

Ո՞վ էր հրաշագործ բժիշկը

Հրաշագործ բժշկի կամ հեքիմի մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում։ Ավանդապատումներից մեկի համաձայն՝ օտար մի նվաճող Հայաստան արշավանքի ժամանակ մեծ թվով գյուղացիների է գերում, նրանց թվում նաև բժիշկ է լինում, ասում են՝ անունն էլ Արամ։ Բռնակալը ծանր հիվանդանում է, ասում են՝ ժանտախտով, բժիշկը խոստանում է բուժել նրան, բայց մի պայմանով․ եթե բժշկվի, ապա բոլոր գերիներին պետք է ազատ արձակի։ Բռնակալը համաձայնում է, բժշկի բուժումն արդյունք է տալիս, նա առողջանում է ու խոստմանը տեր լինում՝ ազատ արձակելով գերեվարված բոլոր հայերին։ Նրանց հետ ազատ է արձակվում նաև բժիշկը, բայց մինչ հայրենիք հասնելը ճանապարհին մահանում է։ Գրեթե 15 հազար հայերի գերությունից փրկած բժշկին իրենց երախտագիտությունը հայտնելու համար գյուղացիները նրա գերեզմանի վրա խաչքար են կանգնեցնում։
Надписи на памятнике-хачкаре в Канакере
Մահարձանի արևմտյան պատին լավ պահպանված արձանագրություն կա
Թե ինչու է խաչքար-մահարձանը Պետևան անունով հայտնի, այս հարցում էլ միակարծություն չկա։ Մի դեպքում, ինչպես Սիրուշ տատն ասաց, նշվում է, թե բժշկի անունն է եղել։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ մահարձանի շուրջը այգի է եղել, իսկ այգու սեփականատերն էլ Պետևան անունով տղամարդ է եղել։
Մահարձանի արևմտյան պատին լավ պահպանված արձանագրություն կա․
«Ահաւոր անուամբն Աստծոյ ես Պետեւան և կենակից իմ Աւագ տիկին կանգնեցանք զխաչս բարեխաւս մեզ եւ յիշատակ հոգւոց մերոց տղա Ասլանին եւ այլ տղոցն Եւ սահմանեցաք զտեղիս հակստարան մեզ եւ խաչս գերեզմանաց մերոց պահապան. Գրողս զմխիթարիչս յիշեք ի թուիս, հայոց ՉԺԴ (1265 )»։
Այս արձանագրությունից պարզ է դառնում, որ Պետևանն իր տիկնոջ հետ 1265 թվականին՝ ի հիշատակ իրենց որդու և այլ տղաների են կանգնեցրել այս խաչքարը։ Բայց թե ով էր Պետևանը՝ բժիշկ, բարեգործ, մեծահարուստ, թե․․․ Այս հարցերի ստույգ պատասխանները չկան։
1 / 7
Պետևանի մահարձան-կոթող
2 / 7
Զարդանախշ Պետևանի մահարձան-կոթողի վրա
3 / 7
Սրբապատկերներ Պետևանի մահարձան-կոթողի տարածքում
4 / 7
Պետևանի մահարձան-կոթողի տարածքում
5 / 7
Պետևանի մահարձան-կոթողի տարածքում
6 / 7
Պետևանի մահարձան-կոթող
7 / 7
Մոմեր
Սիրուշ տատը մոտենում է խաչքարին, դեմ հանդիման կանգնում, խաչակնքվում ու «ջահելներին խորհուրդ տալիս»․ զորությունը հավատքի մեջ է, եթե այս խաչքարին էլ հավատով ես մոտենում՝ զավակ խնդրես, թե առողջություն հարազատիդ համար, հրաշք անպայման կլինի։