ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին իր Telegram–ալիքում անդրադարձել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ելույթին հաջորդած սկանդալին։
Ավելի վաղ Ժիրինովսկին ռադիոկայաններից մեկի եթերում դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու հայտարարել, որ ոչ ոք նույնիսկ ծուռ նայելու իրավունք չունի Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին: Բացի այդ, քաղաքական գործիչը հիշեցրել էր Ադրբեջանի պատմության որոշ մանրամասներ, որոնք այդ երկրում կտրականապես հերքում են: Ժիրինովսկու ասածները բացասական արձագանք էին գտել Բաքվում, Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտայով էր հանդես եկել։ Ադրբեջանցի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեն էլ տեսանյութ է ձայնագրել, որում վիրավորանքներ է հնչեցրել Ժիրինովսկու հասցեին՝ հարվածելով նաև ռուս ժողովրդին։
«Որ Ժիրինովսկին իրավացի էր, երբ ասաց, որ պետք չէ ծուռ նայել Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին, քանի որ դա կարող է վատ ավարտ ունենալ, առանց այդ էլ ակնհայտ է, եթե հիշենք Վրաստանն ու Սիրիան»,– գրել է Սատանովսկին։
Քաղաքագետը նշել է, որ այնպիսի վիրավորանքները, որոնք թույլ է տվել Ադրբեջանի նախկին դեսպանը, հաճախ են զրոյացնում երկրի նկատմամբ բարի մտադրությունները։ Սակայն, Սատանովսկու խոսքով, Վահաբզադեն, ամենայն հավանականությամբ գոհ է ինքն իրենից։
«Երեկ նա դեռ ոչ մեկն էր և անուն չուներ` սովորական պաշտոնաթող փքաբլիթ, թոշակառու, որոնցից շատ կա, և հանկարծ աստղ դարձավ։ Ադրբեջանական նոր ազգայնամոլության խորհրդանիշ։ Լրիվ ազգի դրոշակ», – գրում է Սատանովսկին` նախկին դեսպանին անվանելով «ճղճիմ սուտասան սադրիչ»։
Քաղաքագետը նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Վահաբզադեն անկախ իրենից ակներև ցուցադրեց, թե որն է ղարաբաղյան խնդրի պատճառը Ադրբեջանում։ «Ինչպես կարող են նրա նմանների հետ ապրել մի երկրում, եթե նրանք են այնտեղ թելադրողը։ Ոչ մի կերպ։ Եվ ոչ միայն հայերը»,– նշել է քաղաքագետը։
Ըստ նրա` պատմության անիվն այնպես կարող է շրջվել, որ Բելովեժյան համաձայնագրերը անցյալում մնան, և ստիպված լինեն երկիրը վերականգնել իր պատմական սահմաններով։