Հիմնարկների աշխատակիցներին և ուսանողներին ստիպում են պատվաստվել. ահազանգ ԱԺ–ում

Թագուհի Թովմասյանը նշեց, որ այդ հարցով իր ընտրվելու դեպքում պատրաստվում է քննարկում կազմակերպել ու հրավիրեց մասնակցելու նաև ահազանգ հնչեցրած ընդդիմադիր պատգամավորին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում հիմնարկ–ձեռնարկությունների աշխատակիցներին պարգևավճար կամ աշխատավարձ չվճարելու սպառնալիքով պարտադրում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։
399 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«Ուսանողներին պարտադրում են և արդեն իսկ ասում են, որ պետք է կա՛մ վակցինացիայի ենթարկվեք, կա՛մ 15 օրը մեկ պետք է թեստ հանձնեք։ Առաջին հայացքից դա արվում է հանրության անվտանգության համար, բայց իմ կարծիքով, այս պարտադրանքն առաջացնում է հակատրամադրվածություն այս ամենի նկատմամբ»,– ասաց Նազարյանը։
Պատգամավորը հարց ուղղեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին. «Արդյո՞ք ձեր կարծիքով մարդն ազատ է որոշում կայացնելու, և արդյո՞ք 18, 19, 20 տարեկան երիտասարդներն այն թիրախային խումբն են, որոնց պետք է անպայման պատվաստել»։
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ. վերջին տվյալներ
Թագուհի Թովմասյանը նշեց, որ այդ հարցով իր ընտրվելու դեպքում պատրաստվում է քննարկում կազմակերպել ու հրավիրեց մասնակցելու նաև ահազանգ հնչեցրած ընդդիմադիր պատգամավորին։
Հուլիսի 30–ին պարզ դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է, որ պետական կառավարման և ՏԻՄ–երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության: