Ապաշրջափակման դեպքում երկաթուղին կանցնի Նախիջևանով, Մեղրիով, Իջևանով. Գնել Սանոսյան

Գնել Սանոսյանը կարծում է, որ տնտեսապես ձեռնտու կլինի ապաշրջափակման դեպքում երկաթուղին ԽՍՀՄ տարիների ուղղություններով աշխատեցնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ապաշրջափակումը վերաբերում է երկու երկրներին. երկուսը համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը` խոսելով կոմունիկացիաների բացման մասին։
ՌԱԴԻՈ
Ինչ խնդիր է լուծում ՌԴ–ն Հարավային Կովկասում. Մաթևոսյանը` ապաշրջափակումն արագացնելու մասին
«Հաղորդակցության բացումից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները։ Իսկ եթե հատկապես երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ապաշրջափակման հասնել, քանի որ կան հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ուստի պետք է նորը կառուցվի»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` կառուցվելիք երկաթուղու ուղղությունները կլինեն նույնը, ինչ ԽՍՀՄ տարիներին։ Սանոսյանը նշեց նաև, որ բոլորին հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով։
«Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել. երկաթուղին սովետական տարիներին անցել է նաև Իջևանի ուղղությամբ։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի, և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ` նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղություններով աշխատեցնելը», - ասաց Սանոսյանը։
Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հարցեր կան, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։ Փաշինյանի խոսքով` օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
Պետք է քայլերը ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք. Նիկոլ Փաշինյան