Զգուշացեք սեփական կուսակցությունից, որը ձեզ աստվածացնում է. «Սև մայրցամաքի» փորձը

​Եկեք անկեղծ լինենք։ Շատ թյուր կարծիք է տարածված, ըստ որի, աշխարհի ամենաաղքատ մայրցամաքում ամենահարուստ մարդիկ տարբեր երկրների առաջնորդներն են։
Sputnik
Այն, որ Աֆրիկան իրոք աղքատ է, երևի ապացուցելու հարկ չկա։ Այդ մայրցամաքում, որի բնակչությունը կազմում է 1,3 միլիարդ, ծայրահեղ աղքատ է 490 միլիոն մարդ։ Կյանքի միջին տևողությունն, օրինակ, Չադում ընդամենը 49 տարի է։
«Դոյչե վելլե» գերմանական հեռուստառադիոընկերությունը այսպես է նկարագրել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի աղբավայրը. «Ամեն առավոտ հազարավոր բնակիչներ գալիս են այստեղ՝ օրական գոնե մի քանի դոլար վաստակելու համար։ Ընդ որում, այս հսկա աղբանոցը գտնվում է տարբեր տեղական բանդաների վերահսկողության տակ, և առանց նրանց համաձայնության ձեզ թույլ չեն տա նույնիսկ զիբիլը քչփորել»։
Չուկչաները կուրախանան, մենք էլ բանան կաճեցնենք. գլոբալ տաքացման տխուր հակափաստարկները
​Մի ժամանակ թվում էր, թե Աֆրիկան այս վիճակից դուրս չի գա նաև 21-րդ դարի ընթացքում, բայց այժմ մասնագետները փոխել են իրենց կարծիքը։ Ո՞րն է լավատեսության հիմքը։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Աֆրիկայի վերածնունդը կարող են ապահովել մեծահարուստները, որոնց, ինչպես հայտնի է, հայաստանցիները վերաբերվում են շատ մեծ վերապահումներով։
 «Աֆրիկա Ռինյուալ» վերլուծական կենտրոնը փաստում է, որ մայրցամաքի տարբեր երկրներում տարեցտարի էապես ավելանում է միլիոնատերերի թիվը։ Նրանք նորանոր աշխատատեղեր են ստեղծում, զարգացնում են տնտեսությունը, նաև զգալի գումարներ են տրամադրում բարեգործությանը՝ դպրոցներ ու հիվանդանոցներ են կառուցում։ Եվ ամենագլխավորը՝ սեփական օրինակով ապացուցում են, որ նույնիսկ եթե դու ոչ այնքան հարուստ ընտանիքում ես ծնվել, այնուամենայնիվ, կարող ես մեծ հաջողության հասնել։
​Ալիկո Դանգոտեի անունը երևի երբեք չեք էլ լսել, այնինչ նա Աֆրիկայի ամենահարուստ մարդն է և ունի ավելի քան 12 միլիարդ դոլար։ Դե Ջեֆ Բեզոսի 200 միլիարդի հետ, իհարկե, չես համեմատի, բայց մեկնաբանները փաստում են՝ աֆրիկացի մեծահարուստների կարողությունները շատ են զիջում Ամերիկայում, Եվրոպայում և Չինաստանում  ապրող հարուստների ունեցած միլիարդների քանակին։ Սակայն տվյալ դեպքում ամենաուսանելին այն է, թե ինչպես է կուտակել իր միլիարդներն Աֆրիկայի ամենահարուստ մարդը։
«Ավելի փողոտ, ավելի կեղտոտ, ավելի երեսպաշտ». գուցե ժամանա՞կն է հրաժարվել Օլիմպիադայից
​Ծնողները փող չունեին, ու 21-ամյա Դանգոտեն դիմեց հորեղբորը՝ պարտքով վերցնելով նրանից 3,5 հազար դոլար, իր հարազատ երկրում՝ Նիգերիայում գյուղատնտեսական արտադրանք ներկրելու և վաճառելու համար։ Խիստ կասկածում եմ, որ մեր հայաստանցի նորաթուխ մեծահարուստները ժամանակին լսած լինեին Դանգոտեի մասին, բայց հո գաղտնիք չէ, որ նրանցից շատերն էլ սկսել են նրանից, որ շաքար, ալյուր, նաև բենզին են ներկրել։
Եկամտաբեր գործ է։ Դանգոտեն ընդամենը երեք ամսում փակեց պարտքը, սկսեց ցեմենտի գործարաններ գնել, իսկ հիմա նրան է պատկանում աշխարհի իր հզորությամբ երրորդ շաքարի գործարանը։
Շատ ձայն ստանալը դեռ ցուցիչ չէ. միլիոնավոր մարդիկ քվեարկել էին ԱՄՆ-ն քանդած նախագահի օգտին
Իհարկե, ղեկավարվելով «Լեյդիս ֆըրսթ» հայտնի սկզբունքով, պիտի կանանցից սկսեի։ Աֆրիկայի ամենահարուստ կինն է համարվում Անգոլայի նախկին նախագահի դուստրը՝ Իզաբել դուշ Սանտուշը։ Կարո՞ղ եք կռահել, թե որ երկրի քաղաքացիությունն ունի Իզաբելը։ Այո, շատ ճիշտ եք՝ Ռուսաստանի։ Նրա մայրը Պենզա քաղաքում ծնված Տատյանա Կուկանովան է։ Իմ սերնդակիցները հաստատ կհիշեն, որ Սովետի ժամանակ աֆրիկացի ակտիվիստները, որոնք պայքարում էին իրենց երկրները գաղութատիրությունից ազատագրելու համար, գալիս էին Մոսկվա՝ Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության ինստիտուտում սովորելու։ Անգոլայի ապագա նախագահը հենց Մոսկվայում ծանոթացավ Տատյանայի հետ, բայց հետո նրանք բաժանվեցին, քանզի Անգոլայում լավ չէր ընկալվում իրենց սևամորթ հայրենակցի ամուսնությունը սպիտակ կնոջ հետ։
Իսկ Իզաբելն ուսանեց Լոնդոնում, ինժեներ աշխատեց հայտնի ընկերություններից մեկում, հետո սեփական բիզնես սկսեց և վերջապես հիմնեց «Յունիթել» ընկերությունը, որն այժմ Անգոլայի բջջային կապի խոշորագույն օպերատորն է։ Հիմա եթե ասեմ, որ ճիշտ Հայաստանի նման, որտեղ անխտիր բոլոր օլիգարխները միմիայն սեփական ձեռներեցության ու տաղանդի շնորհիվ են մեծահարուստ դարձել ու դղյակներ կառուցել, Աֆրիկայում էլ է նույնը, դա այնքան էլ չի համապատասխանի իրականությանը։ Ջեյքոբ Զուման՝ ձեզ օրինակ։
Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք
Հարավ Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահը շատ ավելի հեշտ ճանապարհով է գնացել և երկրի պետական բյուջեի միջոցներով Դուբայում կառուցել է մի պալատ, որտեղ կա 10 ննջարան, 13 լոգարան, 9 հյուրասենյակ, լողավազան և այլն։ Ի վերջո, 2018 թվականին նա հրաժարական տվեց իր սեփական «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության պահանջով։ Համաձայնեք, շատ ճիշտ են ասում՝ ղեկավարը պետք է վախենա ոչ թե ընդդիմությունից, որը միշտ էլ թույլ է, այլ իր սեփական իշխող կուսակցությունից, որը մեծամասնություն ունի խորհրդարանում և ցանկացած պահի կարող է հրաժարվել իր ղեկավարից, որին աստվածացնում էր։