Երևանում այսօր կատարված դաժան սպանության մանրամասներ են հայտնի դարձել։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 34–ամյա կնոջը սպանողը նրա նախկին ամուսինն է։
Ինչպես արդեն հայտնել էինք, 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09:20-ին, ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին ինքնակամ ներկայացել էր Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ և հայտարարել, որ շենքի շքամուտքում կենցաղային դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը շենքի շքամուտքի աստիճանավանդակին հայտնաբերել էր կնոջ դի՝ կրծքավանդակի ձախակողմյան, ձախ ուսագլխի, կոկորդի, ստորին շրթունքի և բերանի խոռոչի հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով: Պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակչուհի է` ծնված 1987թ.-ին:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, 33-ամյա տղամարդը, նախկինում ծագած կենցաղային բնույթի հարցերի շուրջ առկա խնդիրների պատճառով, նախկին կնոջը սպանելու դիտավորությամբ, իր հետ վերցնելով կենցաղային օգտագործման դանակ, գնացել է վերջինիս բնակության վայր, շենքի շքամուտքում սպասել է, իսկ երբ կինը դուրս է եկել տանից, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից կինը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կենցաղային դանակ՝ արնանման հետքերով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:
33-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ նախկին կնոջ սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: