ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ավանդաբար համարվում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային հարցերից մեկը և պետք է մնա այսօրվա իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Սա հատկապես արդիական է ցեղասպանությունների ճանաչման հետ կապված համաշխարհային միտումների ֆոնին։ Գնալով ավելի շատ մարդ է միանում գործընթացին` մեծ նշանակություն տալով դրան, և Երևանը պետք է օգտվի այդ հնարավորությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
Օգոստոսի 10-ին ԱԺ–ի նիստում, արտաքին կապերի հանձնաժողովի թեկնածուների քննարկման ժամանակ պատգամավորներն անդրադարձան Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող քաղաքականությանը։ Թեկնածուներից մեկը` վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, հայտարարեց, որ հարցը կմնա հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Աղաջանյանը նշեց, որ Թուրքիայի պահվածքը ՀՀ-ի հանդեպ թշնամական է, դա պետք է արձանագրել և դրանից հետեւություններ անել, բայց ՀՀ շահերից է բխում, որպեսզի օր առաջ թշնամիների քանակը պակասեցնենք։ Միևնույն ժամանակ իշխանությունները հանդես են գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների որոշակի հարաբերություններ կարգավորելու օգտին։
Մեկնաբանելով այս հայտարարությունը` Սուրեն Մանուկյանը նշեց, որ վերջին տարիներին իշխանություններն այնքան էլ լուրջ չեն վերաբերվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ընդ որում` բոլոր մակարդակներում։ Միաժամանակ փորձագետը հույս հայտնեց, որ նոր գումարման խորհրդարանը մեծ նախաձեռնողականություն կցուցաբերի, և այդ թեման առանցքային տեղ կզբաղեցնի օրակարգում։
«Ցեղասպանությունների ճանաչման հարցը աշխարհի տարբեր երկրների արտաքին քաղաքականության կարևոր մասն է դառնում, և Հայաստանը պետք է ավելի ակտիվ ներգրավվի այդ գործընթացին», – ասաց նա։
Մանուկյանը հորդորեց վերջապես օգտվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից։ Նա մատնանշեց այն փաստը, որ անցած տարվա ապրիլի 24-ից այդպես էլ որևէ էական քայլ չձեռնարկվեց, սակայն նոր խորհրդարանը բավական ներուժ ունի թեման «վերակենդանացնելու» համար։
Միևնույն ժամանակ փորձագետը կարծում է, որ սկզբում պետք է կողմնորոշվել հայեցակարգի և ռազմավարության հարցում. իշխանությունները պետք է հասկանան` որ ուղղությամբ են ուզում շարժվել և ինչ արդյունքի են ուզում հասնել։
«Միայն ճանաչումով հարցը չի փակվի։ Պետք է հասկանալ` ինչ ենք մենք սպասում այն երկրներից, որոնք ճանաչել են 1915 թվականի իրադարձությունները», – ասաց Մանուկյանը։
Մասնագետի դիտարկմամբ` իրավիճակը բարդացնում է նաև այն, որ Թուրքիան որոշել է ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի ստեղծել։ Նա համոզված է, որ Անկարան գումար չի խնայի իր դիրքորոշումն առաջ տանելու համար և այդ նախագծի մեջ միլիոնավոր դոլարներ կներդնի, ինչը չի կարող կոնկրետ արդյունքի չհասցնել։ Գիտական աշխարհում դեռ կոնսենսուս կա. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է, և այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Սակայն եթե Հայաստանը չշարունակի ակտիվ գործել, Թուրքիան կենտրոնի միջոցով առաջ է տանելու իր երկրի համար ընդունելի օրակարգը։
Ինչ վերաբերում է Անկարայի հետ առանց նախապայմանների համագործակցելուն, ապա Մանուկյանի խոսքով` դա հնարավոր է, բայց ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հաշվին։ Նա նաև հիշեցրեց, որ Թուրքիան պայմաններ առաջ է քաշում և տարիներ շարունակ հայտարարում, որ չի պատրաստվում կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։
Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու արձանագրություն ստորագրվեց, որոնց համաձայն` ի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է կարգավորվեին առանց նախապայմանների։ Սակայն արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք` դա պայմանավորելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ։ Միաժամանակ Անկարան նախապայմաններ առաջ քաշեց` պահանջելով, որ «հայկական ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից»։
Թուրքիան մինչ օրս Հայաստանի հետ 330 կիլոմետրանոց ճանապարհը փակի տակ է պահում` Երևանին մեղադրելով «ադրբեջանական տարածքների օկուպացման» մեջ։
Օսմանյան կայսրությունում շուրջ մեկուկես միլիոն հայերի ոչնչացումը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Անկախ նրանից, որ բազմաթիվ երկրներ ճանաչել են այդ փաստը, Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ավանդաբար ժխտում է այդ հանցագործությունը կատարելու մեղադրանքները։