ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Առանձնակի դաժանությամբ սպանություն է այսօր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 54 շենքի մուտքերից մեկում կնոջ դի կա։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված շենքի առաջին մուտքում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 34-ամյա Մերի Մ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա մոտ 10-ից ավելի դանակի հարվածի հետքեր կան։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մերի Մ․-ին սպանել է Երևանի բնակիչ, 33-ամյա Մհեր Զ․-ն։ Մինչ ոստիկաններն ու քննիչները մեկնել են Մհեր Զ․-ի՝ Էրեբունի վարչական տարածքում գտնվող բնակարան, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին է և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք՝ դանակը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ի մասի (Սպանություն) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, նրանք սահմանազատել են տարածքը։