ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել Երասխի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ադրբեջանցիներն այսօր` ժամը 15:30-ից մինչև 20:00, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում հրադադարը։ Հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել էր Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ էին բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել էին սնունդ տեղափոխող մեքենայի վրա։