Մենք ականատես ենք մի իրողության, երբ եռակողմ համաձայնագրերի շուրջ ընթացող պրոցեսների տեմպը նվազել է, որովհետև ադրբեջանական կողմը չի ուզում գնալ զիջումների և կարծում է, որ հայկական կողմը ժամանակ է ձգում` փորձելով նոր խաղացողների ներքաշել տարածաշրջան։ Խոսելով Հայաստանի սահմանային հատվածներում ստեղծված իրավիճակի մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը չի ցանկանում ՀՀ սուվերեն տարածք ներխուժած իր ստորաբաժանումները դուրս բերել, ուզում է ստեղծել նոր իրավիճակ, որի պայմաններում էլ պետք է ընթանան բանակցությունները։
«Հիմա հայկական կողմն ասում է, որ պատրաստ է սկսել դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը, եթե Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանից, իսկ Ադրբեջանն իր հերթին ձգտում է զորամիավորումների հետկանչը «թանկ վաճառել» հայկական կողմի վրա։ Այսինքն` Ադրբեջանը ստեղծում է նոր շանտաժի, սպառնալիքի իրավիճակ, հայաստանյան հասարակության մեջ առաջացնում է նոր անհանգստություն, որն ասոցացվում է 44-օրյա պատերազմում կրած պարտության հետ։
Ադրբեջանն այդ կերպ կարծում է, որ առկա պայմաններում կհասնի նրան, որ հայկական կողմը հեշտությամբ կգնա զիջումների։ Առհասարակ, թուրք–ադրբեջանական տանդեմի գլոբալ հավակնությունները չեն սահմանափակվում Արցախով, այլ վերաբերում են Սյունիքին»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով`այժմ ինչ-որ առումով արգելափակված գործընթացն անհանգստացում է նաև միջնորդներին, հատկապես Ռուսաստանին, հետևաբար ՀԱՊԿ-ի մակարդակով ակտիվացումը, Ստանիսլավ Զասի այցը Հայաստան վկայում են այն մասին, որ փորձ է արվելու Ադրբեջանին համոզել վերադառնալ ինչ-որ զրոյական կետի ու վերսկսել բանակցությունները սահմանազատման ու կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ։
Ըստ նրա` Հայաստանն իր հերթին փորձում է ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ռազմաքաղաքական եղանակով կոմպենսացնել իրավիճակը։