ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ու Հայաստանում հուղարկավորված զոհերի հարազատներից ոմանք ցանկանում են տեղափոխել իրենց հարազատների շիրիմները:
Այս մասին պարզ է դառնում ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել գործող կարգում՝ նրանց այդ հնարավորությունն ընձեռելու նպատակով:
Բանն այն է, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերով վերահուղարկավորումների համար սահմանված է հստակ ժամկետ՝ «թաղումից առնվազն երեք տարի հետո»:
Անսալով պատերազմի զոհերի հարազատների ցանկությանը, նախարարությունն առաջարկում է Արցախյան պատերազմի զոհերի դեպքում ժամկետային սահմանափակումներ չկիրառել:
«Քանի որ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորված անձանց հարազատները ցանկություն ունեն դիակը տեղափոխելու, ինչից ելնելով էլ առաջացել է նախագծով առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է նախագծի հիմնավորումներում:
Նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։