Եթե նպատակ ունենք համախմբել համահայկական գործարար ներուժը, ապա անհրաժեշտ է առաջին հերթին ՀՀ–ում ստեղծել այնպիսի ինստիտուտներ, որոնք կախված չեն տվյալ պահի իշխանությունից, նախարարից, գերատեսչության ղեկավարից, հակառակ դեպքում կստացվի, որ անընդհատ նման համաժողովների կարիք է լինելու, մարդիկ պետք է նոր հանդիպումներ կազմակերպեն, նոր ծանոթություններ հաստատեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Սուրեն Պարսյանը։
«Օրինակ` Հայկ Չոբանյանը ՏՏ նախարարն էր, հնգամյա մեծ ծրագրեր էր նախանշել, գործարարների հետ հանդիպում էր, բայց շատ արագ ամեն ինչ փոխվեց, և Հայաստանում ու արտերկրում նախապես հնչած գաղափարները մնացին թղթի վրա։ Նրանից հետո եկած նախարարն առհասարակ տեղյակ չէր նշված ծրագրերից, այսինքն` մեզ մոտ չկա ինստիտուցիոնալ մոտեցում, գործի շարունակություն, ինչի արդյունքում անընդհատ կապը կորչում է»,– ասաց տնտեսագետը։
Պարսյանի կարծիքով` Հայաստանում գործարարներն իրենց տնտեսական գործունեությունն իրականացնելու համար պետք է ունենան ենթակառուցվածքներ, անհրաժեշտ տեղեկատվություն և համարժեք կադրեր, որոնց պետք է պատրաստի պետությունը, կրթական համակարգը, հետևաբար զուտ ցանկությամբ գործարարները ՀՀ–ում չեն կարող բիզնես ստեղծել, եթե չունեն մարդկային կապիտալ։
«Մարդկային կապիտալն ու ներուժը հաստատ դրսից չեն բերվելու, այլ պետք է տեղում ստեղծվի, վերաորակավորվի։ Այստեղ պետություն–մասնավոր հատված համագործակցությունը շատ կարևոր է։ Չէի ցանկանա, որ գործարարների նման համաժողովները վերածվեն ուղղակի կերախմության ու այդպես անցնեն։ Պետք է լինեն կոնկրետ քայլեր, որպեսզի պետությունն ու հանրությունը ստանան որոշակի օգուտներ, մինչդեռ այս պայմաններում միայն հավաքներ կազմակերպելը ճիշտ չէ»,– նշեց տնտեսագետը։
Պարսյանի դիտարկմամբ`պետական կառավարման տարբեր մակարդակներում որոշումների կայացման մեջ գործարարների մասնակցությունը նույնպես կարևոր է, տարբեր օրինագծերի վերաբերյալ նրանց կարծիքները պետք է լսելի լինեն, այսինքն` պետությունը պետք է նրանց հետ աշխատի ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ մշտապես։ Ըստ նրա` երկրի վարչապետն իր հերթին պետք է ողջունի, խրախուսի գործարարների աշխատանքը, իսկ ՀԴՄ կտրոն չտպելու դեպքում ոչ թե պիտակավորի, անվանարկի կամ թիրախ դարձնի, այլ տուգանի օրենքի շրջանակներում։
Տնտեսագետի համոզմամբ` բիզնես աշխարհի ներկայացուցիչները պետք է հեռու մնան քաղաքական ազդեցություններից ու ճնշումներից, չհալածվեն քաղաքական հայացքների համար։ Ըստ նրա` նման հող ներկայումս չկա, երկրում իրավիճակը դեռ մնում է լարված, համախոհություն չի ձևավորվում, մինչդեռ երկիրը ճգնաժամային վիճակից հանելու համար անհրաժեշտ են արմատական քայլեր։
Նշենք, որ Armenian Business Forum-ի կազմկոմիտեի տեղեկատվության համաձայն` 2021 թվականի սեպտեմբերի 20–ին Երևանում տեղի կունենա խոշոր համաժողով, որին կմասնակցի մի քանի հարյուր գործարար: