Հայ ընտանիքներում սովորաբար մեծ շուքով են նշում միակ որդու ծնունդը, բայց այսօր այդ դեպքը չէ։ 44–օրյա պատերազմում զոհված Աբրահամ Մարուխյանի ընտանիքը, հարազատներն ու ընկերները Աբրահամի 26-ամյակը ստիպված են նշել Եռաբլուրում։
Sputnik Արմենիայի նկարահանող խմբով Աբրահամի տանն ենք։ Հայրը, ողջ կյանքում աշխատելով, եռահարկ առանձնատուն էր սարքել որդու համար, որ իրենից լավ ապրի, որ այդ տան մեջ այս տարի իր ընտանիքը կազմի։ Ցավոք, ամեն ինչ կիսատ մնաց։
Հիմա տունը թանգարան է հիշեցնում, որի ամեն անկյունում Աբրահամի իրերն են, նրա լուսանկարներն ու դրանց միջից երևացող նրա պայծառ ժպիտը։
Уголок памяти Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
3-րդ հարկում Աբրահամի փոքրիկ սենյակն է, մահճակալի գլխին` եռագույնով ծածկված Արարատ լեռան կտավը, անկյունում Աբոյի կարդացած գրքերն են ու 3 աթոռ, որոնց վրա կոկիկ կախված են նրա զինվորական համազգեստները, իսկ դրանց կողքին` տղայի բջջային հեռախոսն ու դրամապանակը։
Комната погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
«Աբրահամի զոհվելուց հետո առաջին անգամ եմ այս սենյակ մտնում։ Շորերը պահել ենք, որ հետ գա, հագնի, սպասում ենք դեռ, որ մի օր հետ կգա»,–ասում է մայրը։
Мариам Ширинян, мать погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
Уголок памяти Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
Ծնողներն իրենց միակ որդուն լավ կրթություն էին տվել։ Չայկովսկու անվան դպրոցի վոկալի բաժինն էր ավարտել, հետո դիվանագետի կրթություն էր ստացել, բայց որոշել էր, որ պետք է ընդունվի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, նա Վովա Վարդանովի «Ողջ մնալու արվեստը» խմբի առաջի սաներից էր։ Ռազմական ինստիտուտից հետո 2 տարով պայմանագրային ծառայության էր անցել Մատաղիսում։ Պայմանագիրը լրացել էր 2020 թվականի սեպտեմբերի 5-ին։ Աբրահամը օրենքի ուժով իրավունք ուներ պատերազմ չգնալու, բայց խենթի պես էր սիրում հայրենիքը, ծնողների խոսքով` անգիր գիտեր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ամեն մետրը, ու ամենակարևորը` լավ գիտեր թուրքին ու նրա մտադրությունները։
Форма погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
«4 տարվա բացակայությունից հետո ընդամենը 3 շաբաթ մնաց իր տանը, այն էլ ողջ օրը ընկերների հետ էր անցկացնում։ Սեպտեմբերի 27-ի լուսադեմին շնչակտուր ներս մտավ ու ասեց՝ պապ, մամ, կռիվ ա սկսվել»,– պատմում է հայրը` Տիգրանը, և սենյակում երկար լռություն է տիրում։
Тигран Марухян, отец погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Մարիամը, արցունքները զսպելով, հիշում է` Աբրահամը կանխազգում էր, որ միգուցե հետ չգա։
Мариам Ширинян, мать погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
«Ասեց` մամ, կռիվ ա, չգիտենք` ինչ կլինի, թշնամին շատ երկար էր պատրաստվում, զորավարժություն անում, եթե չգամ, դու մենակ չլացես, ուրեմն իմ ճակատագիրն էր։ Իրերը հավաքեց ու վազեց, անգամ կոշիկի կապերը դրսում կապեց , մեզ էլ մի կարգին հրաժեշտ չտվեց, գրկեց ու գնաց։ Չհասցրինք ներկայությունը վայելել»,–ասում է մայրը։
Клинок погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
Պատերազմի օրերին ծնողներն Աբրահամի հետ մի քանի անգամ են խոսել. հեռախոսը միշտ անջատած էր պահում` անվտանգության կանոններից ելնելով։
Վերջին զրույցը ընտանիքի հետ եղել է հոկտեմբերի 2–ին։ Հոկտեմբերի 3-ի առավոտյան 5։27 րոպեից մասնագետներն այլևս Աբրահամի հեռախոսից ազդանշան չեն ստացել։ Ընտանիքին ասել են, որ դա լավ նշան չէ, բայց տղայի ծնողները 7 ամիս հույսը չեն կտրել։
«Հույս ունեինք, որ հեռախոսն է վնասվել, իրեն բան չի եղել, փնտրում էինք գերիների մեջ, անտառներում, սպասում էինք, նմանեցնում, բայց որդիս հենց հոկտեմբերի 3-ին է զոհվել։ Հրամանատարը, մարտական ընկերները հետո ինձ ասեցին»,–ասում է հայրը։
Тигран Марухян, отец погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
7 ամիս փնտրելուց հետո ապրիլի 15-ին ընտանիքին հայտնում են, որ Տիգրանի ու զոհվածներից մեկի ԴՆԹ-ները համապատասխանում են։
«Չէինք ուզում հավատալ, բայց որ գնացի, տեսա` իմ որդին էր, զոհվել էր ականանետից, ոտքերը չկային։ Գոնե վերջին հրաժեշտի, համբուրելու հնարավորություն ունենայինք»,–ասում է հայրը։
Աբրահամի հրամանատարն ու ընկերները պատմում են, որ նա քաջի մահով է ընկել` փորձելով պահել նահանջող զորքի թիկունքը։
Тигран Марухян и Мариам Ширинян, отец и мать погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
«Հոկտեմբերին 1-ին նրան ուղարկում են Ջրական, այնտեղից էլ` Հորադիզ։ Պատմում են, որ այնտեղ մեր դիրքերը գրեթե պաշտպանված չէին, տղաները ստիպված էին հողաթմբի հետևում ավտոմատով դիմակայել թուրքերի արկերի տեղատարափին։ Այդտեղ հրամանատարական կետ է եղել, որտեղից մերոնք հետ են քաշվել` թողնելով զինամթերք ու կարևոր փաստաթղթեր, քարտեզներ։ Աբրահամը, իմանալով այդ մասին, 3-4 տղաների խնդրել է իր թիկունքը պահել, մինչև ինքը գնա հրամանատարական կետ, գա։ Գնացել է, այդ քարտեզները ոչնչացրել ու զինամթերքով վերադարձել, նորից է ուզել գնալ, հրամանատարը չի թողել»,– պատմում է հայրը։
Աբրահամի մարտական ընկերներն ասել են, որ հոկտեմբերի 2–ի գիշերը թշնամին արկերով այնքան է հարվածել, որ ոչ մեկը չի կարողացել դուրս գալ ու գործողության դիմել կամ զորքը համախմբել։
«Զորքը նահանջի հրաման է ստացել, բայց որդիս չի նահանջել, վերցրել է իր հարազատ խմբին՝ 6-7 հոգի, ու փորձել են էլի գնալ հրամանատարական կետ, քանի որ իմացել են` այնտեղ զինամթերք կա, որ գոնե այդպես նահանջողների թիկունքը պահեն, բայց չեն հասցրել, ականանետներից մեկն ընկել է նրանց վրա, որդիս ու ընկերները տեղում զոհվել են»,– ասում է հայրը։
Ապրիլի 15–ից մինչև հիմա ընտանիքն ամեն օր գնում է Եռաբլուր, ժամերով նստում, թեթևանում, գալիս տուն։
Աբրահամի հայրը վստահ է` եթե իր որդու նման սերունդ ունենանք, ու շատերը մտածեն հայրենիքի մասին, մենք վախենալու բան չենք ունենա։
Семейная фотография погибшего Абрахама Марухяна
© Sputnik / Aram Nersesyan
Աբրահամ Մարուխյանն արժանացել է Արիության, Մարտական ծառայության, ինչպես նաև Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալների։