1991 թվականից հետո մենք չեն ձևավորել սցենարային պլանավորման, կանխատեսումների հզոր ինստիտուտներ, որպեսզի կարողանայինք մեր դիմադրողականության վերաբերյալ մշակել հայեցակարգեր և պատրաստ լինել տարատեսակ զարգացումներին։ Խոսելով Հայաստանի անվտանգության մասին`Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
1994 թվականից ի վեր բոլոր իրադարձությունները` դարի նավթային համաձայնագիրը, Ադրբեջանի վարքագիծը, վկայում էին այն մասին, որ ունենալու ենք պատերազմ։ Պատերազմը դեռ չի ավարտվել, որովհետև ապրում ենք ռազմական գործողությունների պայմաններում: Ավելին` կաթվածահար վիճակում ենք, մեր անվտանգության համակարգը հանձնվել է այլ երկրներին։
«Պետք է հասկանալ ի վերջո, յուրաքանչյուր արտաբերված բառ լոկ գեղեցիկ բա՞ռ է, թե՞ դրան հաջորդելու է կոնկրետ գործողություն։ Բոլորն այսօր մեզ գնահատում են մեր քայլերով, այլ ոչ թե պարզապես խոսքերով, հետևաբար անհրաժեշտ է նաև ընկալել, թե մեր ցանկացած գործողություն ինչպիսի արձագանք է գտնելու միջազգային հանրության շրջանում։ Անվտանգության համակարգի ընտրությունը պետք է լինի իրատեսական և իսկապես բխի մեր ազգային, կենսական շահերից, և դա պետք է գիտակցի յուրաքանչյուր կառավարող ուժ»,– ասաց Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ` զարգացած և հզոր երկրներն արտակարգ կերպով ծրագրավորում են իրենց քաղաքականությունը և դրա համար կարողանում են լավ ուսումնասիրել այն տիրույթները, որտեղ իրենց շահերը կարող են լինել խնդրահարույց։ Նրանք շատ լավ հաշվարկել են մեր վարքագիծը և շատ դեպքերում նույնիսկ գիտեն, թե ինչպիսի անհատական հմտություններով են օժտված մեր ղեկավարները, հետևաբար պետք է բանակցություններում ներկայացվեն այնպիսի մարդիկ, ովքեր կարող են ճիշտ հարաբերվել հզոր երկրների հետ և անգամ այնպես անել, որ սպասարկվեն նախ հայկական, ապա հետո միայն իրենց շահերը։
Իսկ ինչ վերաբերում է առանձին ռազմաքաղաքական կազմակերպություններին, ապա Պողոսյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է կարևոր կառույցներին, որոնցում ունենք ներդրում, ոչ թե հարվածել, այլ տրանսֆորմացնել մոտեցումները։ Նա հիշեցրեց հանրահայտ ասույթը` մի վարվիր ուրիշների հետ այնպես, եթե չես ուզում, որ նրանք նույն կերպ վարվեն քեզ հետ։
Պողոսյանի պնդմամբ` հաճախ չենք գիտակցում, թե ինչ ենք ունեցել, և այլևս այն չկա, բայց հոգ չէ, վերստին պետք է գտնենք մեր ազգային երազանքը, իսկ այդ ճանապարհին միասնականությունը խոսքով չէ, որ պետք է դրսևորվի, այլ գործով։