ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Արցախի կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերն ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: Նշել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ բնակարանային ապահովության ծրագրերի շուրջ խորհրդակցության ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Բեգլարյանի խոսքով՝ այս գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալած բնակարաններում ապրող արցախցիների համար։ Նրանք ստիպված են լինում ազատել վաճառվող բնակարանը: Բեգլարյանը շեշտել է, որ խնդիրների մի մասը նաև պետական կարգավորումների բացակայության կամ ոչ ամբողջական լինելու պատճառով է:
«Հաշվի առնելով այս ու մի շարք այլ խնդիրներ բնակարանային ոլորտում՝ պետական նախարարը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում՝ մինչև ոլորտի լրիվ կարգավորումը, լիազոր մարմնի՝ բնակարանային հարցերի կոմիտեի վերջնական ձևավորումը և առաջնային շուկայում էական առաջընթացի ապահովումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել ն են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք այլ հարցեր։ Դրանց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Նշենք, որ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Spuntik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ արցախցի ավելի քան 7 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի։ Նախատեսվում է շինարարական բոլոր ծրագրերն ավարտել 2,5-3 տարվա ընթացքում։ Բնակարանաշինության ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է ավելի քան 200 մլն դոլար։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ավելի քան 1000 բնակարան շահագործման կհանձնվի երկու տարվա ընթացքում: Տների բաշխման ժամանակ առաջնահերթությունը կտրվի Շուշիի և Հադրութի բնակիչներին (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ), ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերին: Առաջին բնակարանները շահագործման կհանձնվեն արդեն այս տարվա վերջին։