Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված Արման Անտոնյանը. Հայկ Մարությանը որոշ մանրամասներ հայտնեց

Երևանի քաղաքապետն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ արձագանք կտան հանցագործությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ժամանակ խոսեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի մասին, որը դաժան ծեծի էր ենթարկվել օգոստոսի 1-ին։
Մարությանի խոսքով` Անտոնյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, դրական դինամիկա կա, կյանքին վտանգ չի սպառնում:
Քաղաքապետը հայտարարեց` իրավապահ մարմիններից ու դատական համակարգից ակնկալում է, որ կոշտ և համարժեք գնահատական կտան այդ հանցագործությանը։
«Արդեն պարզ է, որ այդ հարձակումը կապված է Անտոնյանի մասնագիտական գործունեության հետ, նպատակը որոշակի անձնական հարցեր լուծել էր։ Այնուամենայնիվ, բոլոր այն առաջարկությունները, որոնք նախկինում արել է ավագանու անդամը, ուղղված են եղել համայնքի շահերի պաշտպանությանը», - ասաց Մարությանը։
Քաղաքապետը վստահեցրեց` նրանք, ովքեր փորձում են նման ձևով ինչ-որ անձնական, նեղ խմբակային շահեր լուծել, ոչնչի չեն հասնի։ Մարությանը հիշեց տարածված արտահայտությունը. «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»։ Նա համոզված է, որ «Իմ քայլը» ուժեղ թիմ ունի։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի, մոտակայքում դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի` Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։
Հարվածներ են հասցրել նաև Արման Անտոնյանի հորը. սպանության փորձի նոր մանրամասները