Ես տեսնում եմ, որ այսօր սահման չկա. Զասը Փաշինյանի հետ խոսել է ստեղծված իրավիճակի մասին

Վարչապետն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկն է, հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում անդամությունը ՀԱՊԿ-ում:  Ընդգծել է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկն է, որը պատասխանատվության լայն գոտի ունի:
Ստանիսլավ Զասն այցելել է Եռաբլուր. տեսանյութ
Փաշինյանի խոսքով՝ շատ վայրերում լարվածությունը մեծանում է, ուստի Հայաստանը շատ լրջորեն պատրաստվում է կազմակերպությունում նախագահության ստանձնմանը։ Հստակեցրել է՝ խոսքը ոչ միայն այն մարտահրավերների մասին է, որոնք ի հայտ են եկել վերջին ժամանակներում ՀՀ անվտանգության իմաստով, այլև ավելի լայն իմաստով:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հայտնված մարտահրավերները պետք է պատվով հաղթահարենք և լուծենք խնդիրները:
Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ թեպետ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է, բայց անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի տարաձայնությունները և մարտահրավերները լուծվեն քաղաքական մեթոդներով:  Նա վստահ է, որ կազմակերպությունը դրա համար մեծ հնարավորություններ ունի: Հիշեցրել է նաև, որ «կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ»:
«Դուք գիտեք, որ արդեն 2-3 ամիս է Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակ է, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են մեր տարածքում: Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը»,- շեշտել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում, միաժամանակ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ կառուցողական է: Մեր երկիրը հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին:
Զասն ու ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են ՀԱՊԿ-ի համար նոր զենք մատակարարելու հարցը
«Մեզ համար շատ կարևոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ և գալ կոնկրետ լուծումների՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի իսկապես սկսենք Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Իհարկե, դրա համար պետք է կոնկրետ պայմաններ ստեղծել»,- հավելել է Փաշինյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը համաձայնել է՝ խնդիրներ կան ու ոչ միայն Հայաստանում։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Զասը նշել է, որ, ըստ էության, հիմա սահման չկա։
«Եթե անկեղծ, ես տեսնում եմ, որ այժմ սահման չկա, դա փաստացի զինված բախումների շփման գիծ է, դիմակայության գիծ և պարբերաբար այնտեղ բռնկվում են բախումներ, փոխհրաձգություններ: Իհարկե, այդպես չպետք է լինի: Պետք է ամեն ինչ անել`յուրաքանչյուրն իր առաջնագծով այդ իրավիճակը, ճգնաժամը հաղթահարելու համար»,- ընդգծել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կառավարության մշակվող գործունեության ծրագրում դա պետք է լինի կառավարության առաջնային, գլոբալ խնդիրներից մեկը՝ հաղթահարելու այդ ճգնաժամը՝ սահմանին անվտանգության ապահովման համար։
Սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս
Հիշեցնենք` Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել երեկ` օգոստոսի 9-ին։ Նա այսօր նաև այցելել է
հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։
Նշենք, որ Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։