ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Դատախազ Պետրոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում բացատրեց` ինչպես է դատարանը բերման ենթարկելու նախկին փոխվարչապետ, հիմա «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սիլվա Համբարձումյանի գործով դատավարությամբ անցնող ամբաստանյալ Արմեն Գևորգյանին։
Այսօր ավելի վաղ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան։
«Դատարանն այս նիստի ընթացքում արձանագրեց ամբաստանյալի` դատական նիստին անհարգալից չներկայանալու փաստը և որոշեց բերման ենթարկել։ Լավ է, որ դա գոնե այս նիստին արվեց», – ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ Գևորգյանի` պատգամավոր լինելը կապ չունի և խոսքն ընդամենը դատավարական հարկադրանքի միջոցի մասին է։
«Դատարանն ամբաստանյալին այսպիսով հասկացնում է նրա պարտավորությունները։ Ընթացակարգն այսպիսին կլինի` դատարանը կհանձնարարի ամբաստանյալի բերման ենթարկվելը որևէ իրավասու մարմնի, չեմ կարող ենթադրել` ում», – ասաց Պետրոսյանը։
Լրագրողների հարցին` թե ինչպես պետք է պատգամավորին խորհրդարանից բերման ենթարկեն, Պետրոսյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք ենթադրում, որ Արմեն Գևորգյանը պետք է ԱԺ–ից բերման ենթարկվի»։
Նա ճշտեց, որ բացակա ամբաստանյալին բերման ենթարկելու պրակտիկա, բնականաբար, ամեն անգամ չէ, որ կիրառվում է, բայց Գևորգյանի բացակայությունները պարբերական բնույթ են կրել։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 17-ին՝ ժամը 13։00-ին։ Այդ ժամին Գևորգյանը ենթադրաբար ԱԺ նիստի է մասնակցելու։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն նպաստել է Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն։
Այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։ Այս գործով անցնում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։