ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Լոռու մարզի Ուրասար գյուղից ոչ հեռու գտնվող ջրաշուշանների լճի մոտ Կարմիր գրքում գրանցված ծաղիկ են վաճառում։ Նման ահազանգ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են Կարմիր գրքում գրանցված ծաղիկը»,- նշված է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հորդորում են առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնությանը։ Հիշեցնում՝ առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բուսատեսակներին, որոնք գրանցված են ՀՀ կարմիր գրքում և դրանց հանդեպ վերաբերմունքը կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ։
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի։
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերը կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղներն ինքնագլուխ հավաքելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: