Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Արցախում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել

Օգոստոսի 9-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել պաշտպանության բանակի զինծառայողների դիրքերի ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Արցախի Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների գնդակոծության հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մխիթարաշենի գյուղապետ Մխիթար Առստամյանը:
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Նշվում էր, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի։
Առստամյանի խոսքով՝ կրակել են ոչ միայն հայ զինվորականների դիրքերի, այլև գյուղի ուղղությամբ, քաղաքացիական մեքենա է վնասվել, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այժմ գյուղում իրավիճակը հանգիստ է։
Նրա խոսքով՝ հրաձգային զենքից արձակված կրակոցները պարբերաբար են հնչում, սակայն խոշոր տրամաչափի զենքերը վերջին ամիսներին առաջին անգամ են կիրառվել: Ադրբեջանցիների ամենամոտ դիրքը գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։